Լաչինի միջանցքի նոր երթուղու գործարկումը Բերդաձորում նոր հնարավորություններ է ստեղծում. համայնքապետ

ՆՆարեկ Սահակյան

Հայաստանի հետ Արցախի ցամաքային կապն ապահովվում է նոր ճանապարհով՝ Լաչինի միջանցքի նոր երթուղով: Այն անցնում է Բերդաձորի ենթաշրջանի Մեծ շեն, Հին շեն գյուղերով և Բերձորն ու Աղավնոն շրջանցող ճանապարհով միանում Ստեփանակերտ-Գորիս մայրուղուն:

Երթուղու գործարկման պահից ճանապարհին շուրջօրյա ծառայություն են իրականացնում ռուս խաղաղապահները, Արցախի ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները: Միջադեպեր և պատահարներ չեն գրանցվել՝ ասում է ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը:

Կամո Իսրայելյան (Արցախի ՃՈ պետի տեղակալ) - Երթևեկության անվտանգությունն ապահովելու համար ենք իրականացնում շուրջօրյա ծառայությունը՝ 4 կարգախմբով. 2 կարգախումբ կանգուն ծառայություն է իրականացնում, 2 կարգախումբ իրականացնում է շրջիկ ծառայություն:

Այս ուղղությամբ առաջին անգամ երթևեկող վարորդներին մտահոգում են ճանապարհի թեքություններն ու կտրուկ շրջադարձերը:

Էրիկ Համբարձումյան (վարորդ) - Նորմալ, հատուկ խնդիր չկա, բայց թեքությունները շատ են: Ամեն ինչ ձմեռը պարզ կլինի, ինձ թվում է՝ ձմեռը դժվար կլինի:

Արմեն Ղուլյան (վարորդ) - Սա ձմեռվա ճանապարհ չէ, ես պետք է փոխեմ ավտոմեքենան: Ես տաքսի եմ վարում, ու այս ճանապարհը սրա բան չի, պետք է ջիփ լինի:

Արցախի քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչը վստահեցնում է՝ նորակառույց ճանապարհի թեքությունները համապատասխանում են նորմերին, շրջադարձերում նախատեսված է՝ երրորդ գոտի, ինչը նվազեցնում է վթարի հավանականությունը: Ճանապարհը կսպասարկվի տարվա բոլոր եղանակներին:

Մհեր Համբարձումյան (Արցախի ՔՆ ճանապարհաշինության քաղաքականության բաժնի պետ) - «Վահե Կարապետյան» կազմակերպության կողմից հատկացված է տեղամաս, որպեսզի իրենց ամեն ինչով՝ աղ ցանող, ձյուն մաքրող մեքենաներով, կայանեն տվյալ հատվածներում, որպեսզի ձմեռային շրջանում իրականացվի երթևեկությունը:

Նոր երթուղու գործարկումը Բերդաձորի ենթաշրջանում նոր հնարավորություններ է ստեղծում, բայց դրանից առաջ Հին շենի հարևան բարձունքից պետք է հեռացվի ադրբեջանական հենակետը՝ ասում է համայնքի ղեկավարը: Հիշեցնում է՝ միջանցքում ռուս խաղաղապահները 5 կիլոմետր լայնությամբ պատասխանատվության գոտի ունեն, իսկ հենակետը ճանապարհից հեռու է մոտ 800 մետր:

Սամվել Սարգսյան (Արցախի Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն համայնքի ղեկավար) - Մի քանի անգամ եղել է, որ անասուններ են գողացել, քար են գլորել վերևից, վերջին դեպքն էլ երեկ չէ, առաջին օրն է եղել: Համապատասխան մարմիններին դիմել ենք, հույս են տալիս, որ այդտեղից պետք է այդ հենակետը հանվի:

Լաչինի միջանցքի նոր երթուղին 26-րդ կիլոմետրին միանում է ժամանակավոր ճանապարհահատվածին: Առայժմ նորակառույց կամրջից պետք է թեքվել դեպի աջ ու երթևեկել ժամանակավոր՝ 4,7 կիլոմետրանոց հատվածով: 2023-ի գարնանը Կոռնիձորի տարածքում նախատեսվում է ավարտել երթուղու 11 կիլոմետրանոց հատվածը, որի շինարարությունը շարունակվում է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում