Հայաստանի ԶՈՒ նվագախումբը Մոսկվայի Կարմիր հրապարակում իր կատարումներով հիացրել է հանդիսատեսին

ՄՄերի Եգորյան

Մերի Եգորյան - Միաժամանակ նվագում են, շարային քայլում ու չափ տալիս. Մոսկվայի Կարմիր հրապարակում ռազմական շքահանդեսային դեֆիլեին են մասնակցում աշխարհի տարբեր անկյուններից ժամանած զինվորական նվագախմբերը: «Սպասսկայա բաշնիա» միջազգային ռազմա-երաժշտական փառատոնին հատուկ շքերթային համազգեստով՝ սպիտակ ձեռնոցներով, ոսկեգույն գոտիով, քրոմե երկարաճիտք կոշիկներով և «Հայաստան» գրությամբ թևքանշանով՝ Կարմիր հրապարակով կանցնի նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի նվագախումբը:

Ռազմական, դասական, ժողովրդական և էստրադային երաժշտության համադրություն, զինվորական երթեր ու պարային շոուներ, ցուցադրական ելույթներ զենքով, լազերային և հրատեխնիկական էֆեկտներ. այս տարի հրապարակն իր օտարերկրյա հյուրերին ընդունում է 15-րդ անգամ: Եգիպտոս, Հնդկաստան, Թաիլանդ...

Ելույթ են ունենում ռուսական և արտասահմանյան լավագույն ռազմա-նվագախմբային և ստեղծագործական կոլեկտիվներ, պետությունների ղեկավարների պատվավոր պահպանության ստորաբաժանումներ: Բացի երեկոյան շքերթից՝ փառատոնի միջոցառումների ծրագրում մասնակիցները հանդիսավոր երթով անցնում են ցուցահանդեսներում, ելույթ ունենում զբոսայգիներում և Մոսկվայի երկաթուղային կայարաններում:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի նվագախումբը կատարեց հայկական ժողովրդական, դասական, համաշխարհային գանձարանում ընդգրկված Հայաստանի կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Հայկ Գրիգորյան (ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության պետ, գլխավոր զինվորական դիրիժոր, գնդապետ) - Տվյալ փառատոնը ցանկացած լուրջ պրոֆեսիոնալ փողային նվագախմբի համար մեծ քննություն է և մեծ պատիվ, քանի որ սա համաշխարհային փառատոն է: Նոր ստեղծագործությունների, նոր ժանրային բազմազանության, համադրության, նոր կապեր ձեռք բերելու հնարավորություն է տալիս ու փորձի փոխանակում:

Զինված ուժերի գլխավոր շտաբի նվագախումբը ստեղծվել է 1992 թվականին։ Այժմ այն մեծ ու համախմբված կոլեկտիվ է, որն ակտիվ մասնակցություն է ունենում երկրի մշակութային կյանքում, զբաղվում է ռազմահայրենասիրական ու փողային երաժշտության հանրահռչակմամբ։

Հպարտանալու շատ առիթներ ունենք՝ ասում է նվագախմբի դիրիժորը, 30-ամյա պատմության ընթացքում նվագախումբը մասնակցել է ավելի քան 2000 միջոցառման, այդ թվում՝ պետական նշանակության արարողությունների ու միջազգային փառատոների:

Միաժամանակ նվագել, քայլել ու չափ տալ հատուկ շքերթային համազգեստով այդքան էլ հեշտ չէ: Լինում են դեպքեր, երբ հուզմունքից ու շփոթմունքից տղաները լարվում են, չափ տալուն զուգահեռ փորձում եմ որսալ նրանց հայացքներն ու հանգստացնել՝ ասում է մայորը:

Արտակ Սիմոնյան (ՀՀ ԶՈՒ ԳՇ նվագախմբի պետ-զինվորական դիրիժոր, մայոր) - Եթե որևէ երաժշտի դեմքին նկատում ենք նման բան, ժպիտով միանգամից վերացնում ենք:

Հայ զինծառայողները ոգևորում են հանդիսատեսին Խաչատրյանի «Գարուն» բալետից կատարումով, այնուհետև ռիթմիկ ու թեթև «Դդմա ջազով»: Նվագախումբը ժողովրդական գործիքների նվագակցության ներքո կատարեց «Ալաշկերտի քոչարին»՝ կառուցվելով շրջան, որը խորհրդանշում է կյանքը, ընտանիքի պաշտպանությունը և զերծ պահում վտանգներից: Այնուհետև հայ զինծառայողները պատկերեցին 15՝ հռոմեական թվանշանով՝ ի պատիվ փառատոնի տասնհինգամյա հոբելյանի:

Հայաստանի ԶՈՒ նվագախմբի կազմը մեծ է, տղաները՝ ոգևորված: Մեծ աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակում կարողացան լուծել իրենց առջև դրված խնդիրները:

Էդվարդ Մկրտչյան (ՀՀ ԶՈՒ ԳՇ նվագախմբի ավագ երաժիշտ) - Ներկայացնում ենք այստեղ Հայաստանի Հանրապետությունը. երկիր ներկայացնելը շատ պատվավոր է, փառատոնը հնարավորություն է տալիս կայանալ որպես զինվորական նվագախմբի երաժիշտ:

Ազգային ու զինվորական մշակույթն ու ավանդույթները ցուցադրության այս մրցակցային շքերթում հայ զինվորականների պրոֆեսիոնալ կատարումները գնահատում է նաև հանդիսատեսը. տրիբունաներում պարում էին և ծափերով ողջունում տղաներին: Ռուսաստանի մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հատկապես ջերմորեն արձագանքեցին Իսահակ Դունաևսկու «Իմ սիրելի մոսկվացիներ» երգին՝ նվագախմբի մեներգչուհու կատարմամբ։

Վասիլի Երանելու տաճարի մոտ երեկոյան բոլոր ներկայացումներն ավարտվում են վիթխարի հրավառությամբ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում