Երեխայի բժշկական քարտը՝ նախկին 026 ձևը, կթվայնացվի: Նորածնայինից մինչև 18 տարեկանը երեխաները պոլիկլինիկայում տարեկան պարտադիր կանխարգելիչ զննումներ են անցնում: 6 տարեկանում տրվում է բժշկական քարտ, որն ամբողջական տեղեկատվություն է պարունակում երեխայի առողջական վիճակի մասին: Փաստաթուղթը փոխանցվում է նաև դպրոցի բուժքրոջը:
Նունե Փաշայան (ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ) - Առաջին դասարանի ընդունելության փաստաթղթերի մեջ երեխայի բժշկական քարտը չի մտնում և պետք չէ ներկայացնել, սակայն դա այն բժշկական փաստաթուղթն է, որ ծնողը կարող է ներկայացնել այն ժամանակ, երբ լրացել է երեխայի դեկրետային տարիքը՝ 6 տարեկանը:
Փաշայանն ընդգծում է՝ եթե պոլիկլինիկան գտնվում է դպրոցի տարածքում, ծնողը քարտը դպրոց տանելու պարտավորություն չունի. այդ գործառույթը իրականացնում է դպրոցի բուժքույրը:
Նունե Փաշայան - Սակայն խնդիր է առաջանում էն դեպքում, եթե երեխայի պոլիկլինիկան և դպրոցը գտնվում են տարածքային առումով իրարից հեռու կամ տարբեր վարչական շրջաններում: էս դեպքում ծնողին պետք է խնդրենք, որ լրացված երեխայի բժշկական քարտը վերցնի և ներկայացնի դպրոց, ընդամենը սա:
Հենց այդ խնդիրներից խուսափելու ու գործընթացը դյուրացնելու համար է թվայնացվում երեխայի բժշկական քարտը: Երեխայի պոլիկլինիկա այցից հետո քարտը կլրացվի և դպրոցին կփոխանցվի էլեկտրոնային եղանակով:
Արամ Ղուլիջանյան («Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության բժշկական գործընթացների մասնագետ)- Բուն ստուգումից հետո բժիշկը այն տվյալները, որ պետք է մուտք աներ քարտի մեջ էլեկտրոնային եղանակով անմիջապես հասանելի կլինեն բուժքրոջը, տվյալների մեջ կարոելիէ հսկաանլա բոլոր ախտորոշումները, որ այս երեխան պոտենցիալ կարող է ունենալ բոլոր այն ստուգումների արդյունքները և գործընթացը կարող է աշխատել նաև հակառակ ուղղությամբ:
Բուժքույրն էլ համակարգում կարող է լրացնել իր տարեկան ստուգումների արդյունքները, որոնք հասանելի կդառնան պոլիկլինիկայի բժշկին:
Արամ Ղուլիջանյան - Գործընթացը փուլային է: Մոտ մեկ ամսում նախատեսվում է ստեղծել բոլոր թվային գործիքները, որոնք անհրաժեշտ կլինեն աշխատանքի ընթացքում: սա այն ողջամիտ ժամկետն է, որի ընթացքում հնարավոր կլինի ստեղծել թվային գործիքները և թեստավորել դրանք և մտցնել իրական կյանք:
Կլինեն նաև կրթական դասընթացներ այս թվային գործիքով աշխատող բժիշկների համար, որից հետո համակարգը կգործարկվի:







