ԱԱլիս Մելիքսեթյան

Շահագործման է հանձնվել «Նոր Արաբկիր» զբոսայգին

Շահագործման է հանձնվել «Նոր Արաբկիր» զբոսայգին

Հիմնանորոգումից հետո հարմարավետ ու բարեկարգ պայմաններով բնակիչների տնօրինմանն է հանձնվել «Նոր Արաբկիր» զբոսայգին, կամ ինչպես ժողովուրդն է անվանում՝ Մոլոկանի այգին:

Ծրագրի ծավալները մեծ էին, անելիքը՝ շատ. հանգստի գոտու նպատակային նշանակությունը վերականգնելու համար ցուցաբերվեց բարեկարգման համալիր մոտեցում: Ստեղծված պայմաններին աշխատակազմի ներկայացուցիչների ու Երևանի ավագանու անդամների հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Այս ընդհանուր միջավայրում տարբեր ծառայություններ են աշխատել: Դա մեր ջրային կառույցն է, որը պատասխանատու էր շատրվանային համալիրների համար, շինբարեկարգման վարչությունն է, կանաչապատումը, ինչպես նաև շինարարը, որը բուն շինարարությունն է իրականացրել: Իմ միակ խնդրանքն է, որ խնամքով վերաբերվեն այգուն, որպեսզի կարողանանք երկար տարիներ պահպանել այն և համայնքային բյուջեից հավելյալ միջոցներ չտրամադրենք, փոխարենն այդ միջոցներն ուղղենք այլ խնդիրների լուծման համար»,- նշում է քաղաքապետը:

Հանգստի այս գոտու տնօրինումն ու խնամքը, ի դեպ, տասնամյակներ շարունակ հանձնված էր մասնավորին: Տնօրինումը՝ տնօրինում, սակայն խնամք ընդհանրապես չէր ապահովվել: Հանձնված լինելով վարձակալների, այնուհետև ենթավարձակալների տնօրինմանը՝ այգում տարիների ընթացքում կուտակվել էին բազմաթիվ խնդիրներ։

«Այգին 50 տարվա վարձակալության պայմանագրով տրված էր մասնավորին, և մենք նկատում էինք, որ օրեցօր այգին հետընթաց է ունենում, և արդեն խնդիր էր առաջանում կանաչապատ տարածքների պահպանության հարցում: 2018 թ. հետո քաղաքական թիմը խոստացել էր, որ հանրային տարածքները հանրությանն է վերադարձվելու, և սա այդ մոտեցման ամենատիպիկ օրինակն է: Բանակցեցինք, մասնավորի հետ եկանք համաձայնության, և նա վերադարձրեց այգին»,- նկատում է Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Դանիելյանը:

Տարիների ընթացքում զգալիորեն նվազել էր այգու կանաչ մակերեսը: Տարածքում կան բնիկ բուսատեսակներ, որոնց պահպանումը և ընդհանրապես կանաչ տարածքի վերականգնումը թիվ մեկ խնդիրներից էր։

Ծրագրի շրջանակում հանգստի գոտին ապահովվել է ոռոգման նոր համակարգով ու արտաքին լուսավորության նոր ցանցով, տեղադրվել են էներգախնայող LED լուսատուներ, կառուցվել են թեքահարթակներ, բարեկարգվել են ճեմուղիները:

Ծրագրի շրջանակում վերագործարկվել են շատրվաններն ու ջրթափները, վերանորոգվել է «Նոր Արաբկիր» հուշարձանը:

«Այգին բարեկարգել ենք համայնքային բյուջեի միջոցներով և այսօր, ըստ էության, այն նվիրում ենք բնակիչներին: Մենք մեր ծրագրերի միջոցով փորձելու ենք այլ վարչական շրջաններում ևս հանգստի գոտիները վերականգնել, ինչպես նաև նոր շատրվանային համալիրներ ու հանգստի անկյուններ ձևավորել: Կանաչապատման ոլորտում մենք Երևանում ունենք խնդիր, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ընդլայնենք կանաչապատման ծավալները, որպեսզի մեր երեխաները մեծանան լավ միջավայրում»,- նշում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Կարևոր ու սպասված այս ծրագրի կյանքի կոչման հարցում համայնքի գործընկերը դարձան նաև տարածքի բնակիչները: Շինարարական աշխատանքների ընթացքում հաշվի են առնվել նաև նրանց, ըստ էության՝ ծրագրի հիմնական շահառուների դիտարկումները: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում