
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է Երևանում ու մարզերում ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրել տարեց և/կամ hաշմանդամություն ունեցող անձանց։
Երևանում և մարզերում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման նպատակով 2022 թվականին հատկացվել է ավելի քան 155 մլն դրամ։
Այս պահի դրությամբ՝ ցերեկային խնամքի ծառայություններ է ստանում շուրջ 1335 շահառու՝ 714 տարեց, 621 հաշմանդամություն ունեցող անձ։
Մատուցվող ծառայությունները ներառում են՝
- ցերեկային կենտրոնի շահառուների անհատական սոցիալական կարիքների գնահատում.
- գնահատված կարիքներին համապատասխան անհատական սոցիալական ծրագրի կազմում.
- ազատ ժամանցի և զբաղվածության կազմակերպում՝ ըստ շահառուի նախասիրության.
- օրական մեկանգամյա սննդի տրամադրում` (շաբաթական 5 օր).
- մշակութային միջոցառումների, հանդիպումների և էքսկուրսիաների, տարբեր խմբակների կազմակերպում.
- օրենսդրությամբ նախատեսված այլ ծառայությունների տրամադրում:
Վերոնշյալ ծառայություններից օգտվելու համար քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության իրենց փաստացի բնակության վայրի տարածքային կենտրոն, որտեղ կատարվում է անձի կարիքի գնահատում և տրամադրվում եզրակացություն՝ խնամքի անհրաժեշտության կամ բացակայության վերաբերյալ։ Դրական եզրակացության դեպքում անձն ուղեգրվում է ցերեկային խնամք տրամադրող կազմակերպություն։
2022 թվականին անհրաժեշտ ծառայությունները մատուցվում են հետևյալ կազմակերպությունների միջոցով՝
- Երևանում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ, «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ.
- Արարատի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ.
- Գեղարքունիքի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ.
- Լոռու մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ , «Հայկական Կարիտաս» ԲՀԿ.
- Կոտայքի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ.
- Շիրակի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ.
- Սյունիքի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ:







