Հաշմանդամություն ունեցող մոտ 2500 անձ կարող է օգտվել անձնական օգնականի ծառայությունից

ՆՆարե Ոսկանյան

Հաշմանդամություն ունեցող անձանց համար կներդրվի անձնական օգնականի ծառայություն, ինչպես նաև կապահովվեն խելամիտ հարմարեցումներ:

Տաթևիկ Ստեփանյան (ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ) - Այս պահին Կառավարության որոշմամբ թիրախ խումբը անձի ֆունկցիոնալության գնահատմամբ դուրս բերված խոր ֆունկցիոնալության խանգարում ունեցող մտավոր, հոգեկան, հենաշարժական և տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիներն են:

Անձնական օգնական կարող է լինել ցանկացած անձ, այդ թվում՝ ընտանիքի անդամը, որը համապատասխան վերապատրաստում կանցնի ու հավաստագիր կստանա:

Տաթևիկ Ստեփանյան - Պլանավորվել է, որ հաշվարկը, վճարման սկզբունքը լինելու է ժամավճարը, և թիրախ խումբը, որը առանձնացրել ենք ըստ նախնական գնահատականի, շուրջ 2500 անձ է դրա կարիքն ունենալու:

Ժամավճարը կկազմի 1050 դրամ: Ծրագիրը գործելու է 2024-ի հունվարի 1-ից, 2023-ին կիրականացվի փորձնական՝ խնդիրների վերհանման ու նոր լուծումների ներդրման համար:

Տարեկան բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների մասին.

Տաթևիկ Ստեփանյան - Եթե նման ժամային վարձատրությունը պահպանվի, և թիրախ խումբը լինի այն թիրախ խումբը, ինչ պլանավորված է, շուրջ 5 միլիարդի մասին է խոսքը: Այս միջոցները հատկացվելու են պետական բյուջեի միջոցներից:

Ծառայությունները հիմնականում երեք բաղադրիչ են ունենալու՝ խնամք, ուղեկցում, իրավունքների իրացում սոցիումում. ներառվելու են բոլոր աջակցության կարիքները, որոնք կունենա հաշմանդամություն ունեցող անձը: Անձնական օգնականը շահառուի կողքին կլինի տանը դեղահաբ ընդունելուց մինչև թատրոն, դպրոց կամ աշխատանքի վայր գնալը:

Տաթևիկ Ստեփանյան - 2023-ի փետրվարի 1-ից այլևս գործող առաջին, երկրորդ, երրորդ խումբ և հաշմանդամ երեխա կարգավիճակները չեն լինելու, դրա փոխարեն լինելու է 5 տեսակի սահմանված հաշմանդամության խմբեր, ֆունկցիոնալության գնահատման աստիճաններ՝ միջին, թույլ, ծանր և խոր:

Աշխատավայրում և ուսումնական հաստատություններում խոցելի խմբերի համար խտրականությունը բացառելու նպատակով գործադիրը հավանություն է տվել նաև խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգի որոշմանը:

Տաթևիկ Ստեփանյան - Քաղաքացու դիմումով է գործընթացը սկսվելու, քաղաքացին պետք է նկարագրի, թե հաշմանդամությամբ պայմանավորված ինչպիսի խելամիտ հարմարեցման կարիք ունի ինքը՝ ըստ իր պատկերացումների, կենսափորձի, և սկսվում է ինտերակտիվ գործունեություն:

Նախատեսվում է, որ խելամիտ հարմարեցման համար անհրաժեշտ ծախսերը չեն գերազանցի աշխատավայրի կամ ուսումնական հաստատության ընդհանուր ծախսերի 5 տոկոսը:

Տաթևիկ Ստեփանյան - Մենք Հայաստանի աշխատաշուկայում շուրջ 27 հազար հաշմանդամություն ունեցող անձ ունենք աշխատող. իրենք ՊԵԿ-ի հետ ստուգված տվյալներ են: Գործող կարգով առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց մեջ 333 անձ է աշխատում, 2-րդ խմբի մեջ՝ շուրջ 5900, 3-րդի մեջ՝ շուրջ 21 հազար: Առանց այս կարգավորումների, որոշակի ինտերակտիվ երկխոսության արդյունքում, որտեղ կարիք եղել է, եկել են այդ բանակցային գործընթացին, և խելամիտ հարմարեցումներն ապահովվել են:

Նախատեսվում է, որ 196 հազար հաշմանդամություն ունեցող անձից յուրաքանչյուրի համար խելամիտ հարմարեցումը լինելու է անհատական:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում