ԳԳոհար Սարգսյան

Քննարկվել է Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» որմնանկարի պահպանության հարցը

Քննարկվել է Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» որմնանկարի պահպանության հարցը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզի Բջնի համայնք: Այցի շրջանակում Կոտայքի մարզպետարանի, Բջնիի համայնքապետարանի աշխատակիցների և ոլորտի մասնագետի՝ որմնանկար վերականգնող Արեգ Պետրոսյանի հետ լուծումներ առաջարկելու նպատակով քննարկվել են համայնքի նախկին մշակույթի տանը գտնվող՝ Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» որմնանկարի պահպանության (ամրակայման և վերականգնման), հնարավոր տեղափոխման հարցերը: ՀՀ անկախացումից հետո Բջնիի մշակույթի տունը տարիների ընթացքում խարխլվել է և մասամբ փլուզվել, ինչի հետևանքով որմնանկարը ևս վտանգված է։

ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, նախաձեռնել է իրականացնել հուշարձանի փրկարարական՝ ամրակայման ու վերականգնման աշխատանքներ։ Մշտադիտարկման արդյունքում աշխատանքային խումբը քննարկել է որմնանկարի պահպանության երկու հիմնական տարբերակ՝ այն տեղում ամրակայել և վերականգնել կամ տեղափոխել համապատասխան այլ վայր:

Համաձայն առաջին տարբերակի՝ Կոտայքի մարզպետարանի միջոցներով պետք է իրականացնել Բջնիի մշակույթի տան ինժեներական (սեյսմիկ, կոնստրուկտորական, ճարտարապետական) ուսումնասիրությունը՝ դիտարկելու շենքի հիմնանորոգման հնարավորությունը:

Այս համատեքստում առաջնային են համարվել շինության ճակատային մասի հարթաքանդակների, ծավալատարածական և ճարտարապետական լուծումների և որմնանկարը անխաթար պահպանելու հանգամանքները: Կողմերը փաստել են, որ հիմնանորոգումը երկուստեք շահավետ կլինի թե՛ որմնանկարի, թե՛ գյուղի ենթակառուցվածքների զարգացման առումով:

Երկրորդ տարբերակը դիտարկելու դեպքում որմնանկարի տեղափոխման վայր կնախատեսվի Չարենցավան քաղաքի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճը: Հանդիպման արդունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Կոտայքի մարզպետարանի հետ իրականացնել Բջնիի մշակույթի տան ինժեներական ուսումնասիրությունը, որից հետո հնարավոր կլինի քննարկել տեղում որմնանկարի փրկման (ամրակայման և վերականգնման) հետագա գործընթացը: Առաջին տարբերակի անհնարինության դեպքում որմնանկարը կտեղափոխվի նախանշած վայր:

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» (1975 թ․) որմնանկարը 2018 թ. Մշակույթի նախարարության փորձագիտական խորհրդի կողմից ճանաչվել է պատմության և մշակույթի տեղական նշանակության նորահայտ հուշարձան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում