Հայաստանում անպտղության պատկերը. ՄԱԿ-ի հետազոտության արդյունքները

ՆՆարե Ոսկանյան

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակն ամփոփել է հանրապետությունում վերարտադրողական տարիքի շուրջ 3000 անձի շրջանում իրականացված հետազոտության արդյունքները: Մեր երկրում անպտղության ցուցանիշը 16.8 % է, որը բարձր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած 15 տոկոսից:

Մհեր Մանուկյան (ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի համակարգող) - Ըստ հետազոտության տվյալների՝ պարզվում է, որ մեզ մոտ յուրաքանչյուր 7-րդ կին ունի անպտղություն, և յուրաքանչյուր 5-րդ տղամարդ ունի անպտղություն, և այդ անպտղության առյուծի բաժինը երկրորդային անպտղությունն է՝ կանխարգելելի անպտղությունը:

Երկրորդային անպտղություն ունեն այն զույգերը, որոնք առնվազն 1 երեխա ունեն, և վերջին 1 և ավելի տարում չեն կարողանում հասնել հղիության: Առաջնային անպտղություն ունի հարցվածների 1,7 %-ը: Այս առումով ցուցանիշը նվազել է:
Սա այն դեպքն է, երբ զույգերը երեխա չունեն:

Մհեր Մանուկյան - Շատ ենք հանդիպում դեպքերի, երբ տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի ՌԴ, հետո իրենց հետ բերում են որոշակի վարակներ, փոխանցում են իրենց կանանց, և երկար ժամանակ դա չի նկատվում, մինչև բանը չի հասնում անպտղության:

Սեռավարակներից մինչև աբորտներ. անպտղության պատճառները տարբեր են: Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ անպտղության խնդրին պետք է հետամուտ լինել վաղ փուլում:

Ռուզան Մարտիրոսյան (ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ) - Ցանկացած ամուսնական զույգ, երբ գրանցում է իր ամուսնությունը ՔԿԱԳ-ում, կարող է դիմել իր գրանցման առաջնային բժշկական օգնության կազմակերպություն և ստանալ անհրաժեշտ խորհրդատվությունը, որոշակի հետազոտություններ, եթե անհրաժեշտություն լինի՝ նաև բուժում, որը միտված կլինի վերարտադրողական ֆունկցիայի իրացմանը:

Առաջիկայում առողջ սերունդ ունենալու և անպտղությունից խուսափելու համար կարևոր է աբորտների թվի նվազեցումը, մինչդեռ ըստ հետազոտության՝ այս խնդիրը մեր երկրում դեռ առկա է:

Մհեր Մանուկյան - Հարցվող կանանց մոտ 46 տոկոսը նշել է, որ երբևէ կատարել է աբորտ՝ տարբեր պատճառներով: Պատճառներից առաջին տեղում արդեն իրենց ցանկալի թվով երեխաներ ունենալն է, որ կանայք նշում են: Պտղի սեռով պայմանավորված՝ նշել է հարցվողների 8 տոկոսը:

Մեր երկրում գործում է անպտղության հաղթահարման պետական ծրագիր, որով արտոնյալ և անվճար պայմաններով բուժօգնություն է տրամադրվում զույգերին՝ պատճառի ախտորոշումից մինչև արհեստական բեղմնավորում: Ծրագրից կարող են օգտվել՝

Ռուզան Մարտիրոսյան - Այն զույգերը, որոնց ամուսիններից մեկը զինվորական է կամ նրա կարգավիճակին հավասարեցված անձ, կարող են լինել այն ամուսնական զույգերը, որոնց ամուսիններից մեկը հաշմանդամություն ունի, սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, կարող են լինել զոհված զինծառայողների ծնողները:

Արտամարմնային բեղմնավորման առաջին փորձը պետությունը փոխհատուցում է 100 տոկոսով, երկրորդ փորձը՝ 50 տոկոսով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում