Հսկայական 3D շունը թռչում է Տոկիոյի գովազդային վահանակների վրայով. «Այլ լուրեր»

ՄՄարո Թարվերդյան

ԱՄՆ

ԱՃՈՒՐԴԻ ԵՆ ՀԱՆՎԵԼ ԷԼՎԻՍ ՓՐԵՍԼԻԻ ԶԱՐԴԵՐԸ

Զարդերի հավաքածուն, որը Էլվիս Փրեսլին նվիրել է իր մենեջերին` գնդապետ Թոմ Փարքերին, և որի գտնվելու վայրն անհայտ էր ավելի քան 50 տարի, նորից հավաքվել է և պատրաստ է աճուրդի։

Երկու հարյուր իրեր, այդ թվում՝ ոսկե մատանիներ, ճարմանդներ, ժամացույցներ և շղթաներ, ներառված են աճուրդի հանված հավաքածուում: Մեծ վաճառքով զբաղվում է GWS աճուրդի տունը: Էլվիս Փրեսլիի նախկին կինը` Պրիսցիլան, հաստատել է, որ աճուրդի հանված զարդերից շատերն իսկապես պատկանել են իր նախկին ամուսնուն:

Թեև այս զարդերից ոչ մեկի սեփականատերը Պրիսցիլան չէ, նա անձամբ մասնակցում է աճուրդի նախապատրաստական աշխատանքներին: Ավելին, այս զարդերից մի քանիսի դիզայնի հեղինակն է:

Պրիսցիլա Փրեսլի (Էլվիս Փրեսլիի նախկին կինը) - Էլվիսը սիրում էր զարդեր: Այսինքն՝ նա և՛ կրում էր դրանք, և՛ սիրում էր նվիրել: Նույնիսկ այն փաստը, որ այսքան շատ զարդեր է նվիրել գնդապետ Փարքերին, ապացուցում է Էլվիսի սերը զարդերի նկատմամբ: Այս աճուրդին մասնակցելով՝ ես պարզապես ցանկանում եմ հավատացնել մարդկանց, որ այս զարդերն իսկական են, կեղծ չեն և ուրիշին չեն պատկանել:

Աճուրդի հանված իրերի թվում է նաև կիթառը, որը նույնպես պատկանել է Էլվիս Փրեսլիին: Մեծ վաճառքը նախատեսված է անցկացնել օգոստոսի 27-ին:

ԱՄՆ

ԿԱՑԱՐԱՆ` ԽՈԶԵՐԻ ՀԱՄԱՐ

Ամերիկյան Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում 2017 թվականից ի վեր գործում է խոզերի համար նախատեսված Better Piggies Rescue կոչվող կացարանը: Մինչև օրս այն ընդունել է մոտ 800 խոզի: Այնտեղից կենդանիներին հիմնականում տեղափոխել են այլ վայրեր կամ դրանց, այսպես ասած, որդեգրել են:

Ներկայում կացարանում 143 խոզ է ապրում: Դրանց թվում կան նաև այնպիսիք, որոնց փրկել են սպանդանոցից:

Դուայթ Դիքսոն (Better Piggies Rescue-ի մենեջեր) - Կորոնավիրուսի համավարակի ժամանակ շատերն էին խոճկոր գնում` տանը պահելու համար: Բայց երբ կենդանին մեծանում էր, տերը հասկանում էր, որ այլևս չի կարող հոգ տանել դրա մասին: Շատ խոզաբույծներ մարդկանց մոլորության մեջ էին գցում՝ պնդելով, թե վաճառում են այսպես կոչված «մինի խոճկորներ»: Եվ շատերը չէին հասկանում, որ իրենց գնած փոքր խոճկորը մեծանալով՝ հսկա խոզ է դառնալու:

Խոզերի կացարանը երբեմն ստիպված է լինում օրական 3-5 խոզի ընդունել: Աշխատակիցները վստահեցնում են, որ այս կենդանիներին պահելը բավականին թանկ հաճույք է. օրական մոտ 100 դոլար են ծախսում` իրենց կենդանիներին կերակրելու համար:

ԹՎԱՅԻՆ ՓՈՓ ԱՍՏՂ ՓՈԼԱՐՆ «ԱՉՔ Է ԴՐԵԼ» ԻՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՎՐԱ

Այս փոփ աստղը վերջերս գլխավորել է երաժշտական ​​փառատոնը: Բայց նա իրականում գոյություն չունի: Համենայնդեպս, իրական աշխարհում չկա, գոնե առայժմ:

Փոլար (թվային փոփ աստղ) - Իմ անունը Փոլար է: Ես երգչուհի եմ, պարուհի, շատ ազդեցիկ եմ: Հետևորդներ ունեմ Spotify-ում, YouTube-ում, TikTok-ում և Instagram-ում:

Փոլար անունով թվային հերոսը 1.6 միլիոն հետևորդ ունի TikTok-ում, իսկ նրա YouTube-յան ալիքում ավելի քան 500.000 բաժանորդ կա:

Փոլարը վիրտուալ աշխարհ դուրս եկավ 2021 թվականին, երբ կատարեց իր դեբյուտային Close To You սինգլը Avakin Life տեսախաղում:

Փոլար (թվային փոփ աստղ) - Ինչքան ինձ հիշում եմ, միշտ ցանկացել եմ երաժշտությամբ զբաղվել: Մեծ բեմում ելույթ ունենալիս երազել եմ հանդիպել նոր մարդկանց՝ ամբողջ աշխարհից։ «Արևային հնչյունների փառատոնը» հիանալի է: Դա մի վայր է, որտեղ ես կարող եմ երգել, պարել և լինել իմ երկրպագուների հետ էկրանի նույն կողմում:

Վիրտուալ գերաստղը TheSoul Publishing թվային մեդիա ընկերության արտադրանքն է: Ընկերության փոխնախագահ Վիկտոր Պոտրելի հավաստմամբ՝ իրենց նպատակն է շարունակել նպաստել թվային և իրական աշխարհի տարածքների սահմանների միաձուլմանը:

Վիկտոր Պոտրել (TheSoul Publishing ընկերության փոխնախագահ) - Մենք միշտ դիտարկում ենք տարբեր հնարավորություններ։ Վերջերս Լոնդոնում ABBA-ի համերգների շարք եղավ, որտեղ բեմում հոլոգրամ էր, և մենք կարծում ենք, որ այսկերպ հնարավոր է նաև Փոլարին իրական աշխարհ բերել:

Փոլարի երազանքն է ելույթ ունենալ Արիանա Գրանդեի հետ: Նա ցանկանում է կենդանի շոու ունենալ իրական վայրում՝ իրական աշխարհի իր երկրպագուների համար:

ՖՐԱՆՍԻԱ

ՆԱՎՈՎ ՓՈՍՏ ԱՌԱՔՈՂ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԻԱԿ ՓՈՍՏԱՏԱՐԸ

Շառլ Դեֆուրը մայրցամաքային Ֆրանսիայի միակ փոստատարն է, որն իր առաքումները կատարում է նավով:

24-ամյա երիտասարդը Օդոմարուայի ճահիճներում մի հասցեից մյուսն է գնում իր փոքր փայտե մոտորանավով:

Շառլ Դեֆուր (փոստատար) - Մենք ունենք քարտեզ, որը ցույց է տալիս, թե որտեղ է ապրում յուրաքանչյուր մարդ: Հասցեների փոխարեն աշխատում ենք օգտագործել մարդկանց անունները:

Տեղացիները վստահեցնում են, որ ձմռանն իրենց մոտ զբոսաշրջիկներ չեն լինում, տարածքը դատարկվում է, և իրենք, փոստատարին տեսնելով, անչափ ուրախանում են:

Ճահիճները, որտեղ շատ լավ ծաղկակաղամբ է աճում, Ֆրանսիայի սակավաթիվ մշակովի խոնավ տարածքներից են: Ամռան ամիսներին զբոսաշրջիկները հավաքվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված կենսոլորտային այս արգելոցում: Սակայն ձմռան ամիսներին այստեղ կարող է շատ մռայլ լինել, և համայնքը, ասես, մեկուսացած լինի:

ՇՎԵՅՑԱՐԻԱ

ԱՊԵՆՑԵԼՅԱՆ ԱԼՊԵՐԻ ԼԵՌՆԱԳԱԳԱԹԻՆ ԾԱԾԱՆՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԴՐՈՇԸ

22 աշխատողից բաղկացած թիմն Ապենցելյան Ալպերի վրա պարզել է աշխարհի ամենամեծ շվեյցարական դրոշը՝ նշելու համար երկրի ազգային օրը:

6400 քառակուսի մետր մակերես ունեցող դրոշը, որում պատկերված է կարմիր խորապատկերի վրա սպիտակ խաչը, մոտ 700 կգ քաշ ունի: Այն պատրաստելու համար 600 ժամ է պահանջվել:

Դրոշը ծածանվել է Սենտիս լեռնագագաթի վրա: Մարդիկ հավաքվել են` ներկա լինելու իրենց համար անչափ կարևոր այդ իրադարձությանը: Երաժիշտները շվեյցարական ավանդական երաժշտություն են նվագել:

ՃԱՊՈՆԻԱ

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՎՀԱՐՆԵՐ՝ ՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ճապոնիայում, ինչպես և շատ երկրներում, այս ամռանն ինչպես մարդիկ, այնպես էլ ընտանի կենդանիները տուժել են շոգից,:

Տոկիոյում բնակվող մի հագուստի դիզայներ գործակցել է անասնաբույժների հետ և էլեկտրական հովհար ամրացրել շների համար նախատեսված հագուստի վրա: Նախաձեռնության նպատակն է օգնել, որ մարդկանց չորքոտանի բարեկամները կարողանան փոքր-ինչ պաշտպանվել ամռան տապից: Պարզվում է՝ այդ հագուստը ցանկության դեպքում կարող են կրել նաև կատուները:

Մարտկոցով աշխատող, 80 գրամ կշռող հովհարն ամրացված է ցանցից պատրաստված հատուկ հագուստին: Հովհարի փչած սառը օդն օգնում է, որ կենդանին գոնե մի փոքր զովանա շոգին:

Հովհարով հագուստի չորս չափս է թողարկվում: Մեկ այսպիսի հագուստն արժի 74 դոլար:

Ռեյ Ուզավան (շների համար նախատեսված հովհարով հագուստի հեղինակը) - Այս տարի գրեթե անձրևներ չեղան, շոգ օրերը շուտ եկան, և այդ առումով, կարծում եմ, մենք մշակեցինք շուկայի համար բավականին նպատակահարմար արտադրանք:

Ռեյն ասում է, որ շների համար հովհարով հագուստ ստեղծելու գաղափարը հղացել է մարդկանց համար նախատեսված հովհարով բաճկոններից, որոնք հաճախ հագնում են շինարարության մեջ աշխատողները և այլ բանվորներ, որոնք ստիպված են շոգի պայմաններում դրսում աշխատել:

ԱՄՆ

ՕԴԱՊԱՐԻԿՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Ռեդինգթոն քաղաքում անցկացվել է Նյու Ջերսիի օդապարիկների ամենամյա 39-րդ փառատոնը: Միջոցառման կազմակերպիչներն ակնկալել են, որ այն ավելի քան 175 հազար այցելու կունենա:

Փառատոնին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 45 օդապարիկ: Ընդ որում՝ ոչ բոլորն են եղել ստանդարտ օդապարիկի տեսքով: Շատերը եղել են տարբեր կենդանիների կերպարով՝ վագրից սկսած միաեղջյուրով վերջացրած:

Նյու Ջերսիի զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ ամենամյա այդ միջոցառումն օդապարիկների և երաժշտության ամենամեծ փառատոնն է ամբողջ Հյուսիսային Ամերիկայում:

Հովարդ Ֆրիման (փառատոնի պրոդյուսեր) - Ես բավականին երկար ժամանակ եմ այս գործով զբաղվում, բայց ամեն անգամ փշաքաղվում եմ, երբ հերթական օդապարիկը երկինք է բարձրանում: Օդապարիկները կարողանում են արթնացնել յուրաքանչյուրիս մեջ գտնվող երեխային:

Փառատոնի շրջանակում օդապարիկով ուղևորության տոմսի արժեքը մեկ անձի համար տատանվում է 250-315 դոլարի սահմաններում՝ կախված օրվա ժամից:

ՃԱՊՈՆԻԱ

ՀՍԿԱՅԱԿԱՆ 3D ՇՈՒՆԸ ԹՌՉՈՒՄ Է ՏՈԿԻՈՅԻ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՎՐԱՅՈՎ

Ծագող արևի երկրի մայրաքաղաք Տոկիոյի աշխույժ Շիբույա կայարանի մերձակայքում գովազդային վահանակի վրա հայտնվել է հսկա 3D շուն, որը գրավել է հետիոտների ուշադրությունը, երբ, ասես, ցատկել է՝ ֆրիսբի՝ թռչող սկավառակ բռնելու համար:

Ակիտա ցեղատեսակի շունը հայտնվում է ժամը մեկ ութ առանձին էկրանների վրա: Հատկանշական է, որ անցած տարի այս շրջանում 3D կատու էր հայտնվել Տոկիոյի մեկ այլ թաղամասում և մեծ ոգևորությամբ էր ընդունվել:

Բանուկ անցումի մոտ տեղադրված է Հաչիկո անունով շան արձանը: Ակիտա ցեղատեսակին պատկանող Հաչիկոն հիշվում է իր հավատարմությամբ, երբ իրական պատմության վրա հիմնված համանուն ֆիլմում նա մեկ տասնամյակ շարունակ ամեն օր նստում էր մոտակա կայարանի մոտ և սպասում մահացած տիրոջ վերադարձին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում