1 արծաթ, 3 բրոնզ՝ քիմիայի միջազգային օլիմպիադայում

ՔՔրիստինե Ոսկանյան

Չինաստանում կայացած քիմիայի 54-րդ միջազգային օլիմպիադայի մեդալակիրներն են:
Սա այն եզակի դեպքերից է, երբ օլիմպիականները միանգամից 4 մեդալ են նվաճել՝ 1 արծաթ, 3 բրոնզ: Քովիդի նոր ալիքով պայմանավորված՝ այս տարի կրկին օլիմպիադան օնլայն ձեվաչափով է անցկացվել: 84 երկրի 326 աշակերտ է մասնակցել, յուրաքանչյուր պետություն 4 մասնակից է ունեցել:

Անդրանիկ Դավինյան (քիմիայի օլիմպիական խմբի ղեկավար) - Մենք միշտ մտածում ենք՝ թույլ ենք մնացածից, բայց պարզվում է՝ այդքան էլ չէ: Շատ չի լինում, որ մենք 4 մեդալ ենք նվաճում, կարելի է ասել, գոհ ենք:

Հայաստանի թիմում ընդգրկվել են օլիմպիադայի հանրապետական փուլի լավագույնները: Թիմը փորձառու է, միջազգային մրցույթներում միշտ մեդալներ է նվաճել: Միակ նոր մասնակիցը Սոնա Սաղեյանն է՝ «Քվանտ» վարժարանից:

Սոնա Սաղեյան (բրոնզե մեդալակիր) - Առաջին օլիմպիադային չունեցա մեծ ոգևորվածություն, մի պահ հուսախաբ էի, բայց հետո ուրախացա:

Բրոնզե մեդալակիրներից Հայկը «Հերացի» ավագ դպրոցն է ներկայացնում, Տիգրանը Արագածոտնի մարզի Նորաշենի միջնակարգը, իսկ արծաթե մեդալակիրը՝ Լեոնիդն է, կրկին «Քվանտից»:

Լեոնիդ Ասատրյան (արծաթե մեդալակիր) - Քիմիայի օլիմպիադայի խնդիրները բարդ են լինում, բայց նաև հետաքրքիր, որ լուծումը գտնում ես, ինչ-որ տեղ հաճույք ես ստանում:

Օլիմպիադան 8 օր է տեվել, մեկ տեսական փուլ է եղել: 9 առաջադրանքի համար մասնակիցները 5 ժամ են ունեցել: Մարզիչների խոսքով՝ խնդիրները բավականին բարդ էին:

Արմեն Գալստյան (քիմիայի օլիմպիական խմբի ղեկավար) - Վերցնում են վերջին հրատարակված ամսագրերից գիտական ձեռքբերումներ, դրա հիման վրա կառուցում են խնդիրը, խնդրի լուծման եզրագծերը ուզում են ստանան աշակերտներից, թեև իրենք կարող է արդյունքի հասած լինեն 2-3 տարվա ընթացքում՝ հոդվածը գրելու ժամանակ:

Մարզիչներն ուրախությամբ են նշում՝ օլիմպիականների մի մասն առաջիկա տարիներին կհամալրի քիմիկոսների բանակը:

Արմեն Գալստյան - Շատ պահանջարկ կա, հատկապես մանկավարժների պահանջարկ: 200 հոգի ամբողջ հանրապետությունում է պետք, իսկ 5 տարի անց ավելի սուր խնդիր կունենանք, քանի որ մասնագետներից շատերը թոշակային տիրույթում են գտնվում:

Արձանագրված արդյունքով չեն սահմանափակվելու: Առաջիկա մրցույթներում ոսկուն են ձգտելու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում