Ինչու Հայաստան. պրոցեսորների աշխարհի խոշոր արտադրողներից մեկը մեր երկրում ընդլայնվելու նպատակ ունի

ԳԳոհար Սարգսյան

Պրոցեսորների, այդ թվում՝ գրաֆիկական, և ադապտերների աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը՝ ամերիկյան AMD ընկերությունը, Հայաստանում ընդլայնվելու նպատակ ունի: Ընկերությունը դեռևս 2022 թվականի սկզբին ձեռք է բերել բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեկ այլ խոշոր կազմակերպության՝ Xilinx-ի բոլոր բաժնետոմսերը, որը 2019 թվականից գործում է նաև Հայաստանում: Հայաստանում AMD-ի ընթացիկ գործունեությունը և ընդլայնման ծրագրերը քննարկելու նպատակով մեր երկիր են ժամանել ընկերության ներկայացուցիչները:

Ամիթ Գուպտա (AMD ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահ) - Մենք Հայաստանում այժմ 85 մասնագետ ունենք, և մեր նպատակն է էլ ավելի ընդլայնվել: Հայաստանն այս առումով մեր նախընտրելի ուղղություններից մեկն է: Նախատեսում ենք առաջիկա 4-5 տարում եռապատկել մեր աշխատակազմը: Մեր եկամուտը վերջին տարիներին նշանակալի աճ է արձանագրում, և մենք ակնկալում ենք, որ դա շարունակական կլինի:

Կառավարության կողմից ստեղծված «Էնթերփրայզ Արմենիա»՝ Ներդրումների աջակցման հիմնադրամը ակտիվորեն գործակցում է ընկերության հետ՝ նոր ներդրումներ ներգրավելու համար:

Լևոն Օհանեսյան («Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն) - AMD ընկերությունը ունի բազմաթիվ ճյուղեր, Հայաստանում զբաղվում են ՏՏ ուղղությամբ, այսինքն՝ Software-ի ուղղությամբ և այդ շրջանակներում նաև պատրաստվում են ընդլայնվել: AMD ընկերությունը գտնվում էր մեր հետներդրումային սպասարկման ուշադրության կենտրոնում 2022 թ. գարնանից, և մենք ուղեկցում ենք իրենց ծրագրերը, նաև բարձրացրած խնդիրներին լուծում ենք տալիս:

Ընկերության փոխնախագահը ևս ընդգծում է Կառավարության տարբեր օղակներից ստացած աջակցության մասին, հույս հայտնում, որ ընդլայնման համար կկարողանան նաև անհրաժեշտ մասնագետներ գտնել: Իսկ թե ինչու են ընտրել հենց մեր երկիրը, Ամիթ Գուպտան նշում է.

Ամիթ Գուպտա - Հայաստանն ընտրելու հիմնական պատճառն այն է, որ այստեղ կարող ես գտնել բազմաթիվ իսկապես խելացի մարդիկ, որոնք հիմնարար գիտելիքներ ունեն, և դա հենց այն է, ինչ մենք փնտրում ենք որևէ տեղ հաստատվելիս: Երկրորդ պատճառը՝ ԱՄՆ-ի իմ շատ ընկերներ, գործընկերներ Հայաստանից են, և նրանց տեսնելով՝ մենք ցանկություն ունեցանք գալ Երևան և դառնալ գլխավոր խաղացողն այստեղ:

Չնայած ընկերությունն աշխարհին հայտնի է ավելի շատ տեխնիկայի խոշոր արտադրությամբ, Հայաստանում նրանց գործունեությունն այս պահին ծրագրային ապահովման հետ է կապված, թե հետագա ընդլայնումների արդյունքում ի՛նչ կստացվի՝ ժամանակը ցույց կտա:

Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում