«Արդուկ» սոցիալական ծրագրով աշխատանք կունենան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մայրերը

ՀՀովհաննես Վարդանյան

«Արդուկ» սոցիալական ձեռնարկության պաշտոնական բացումն ազդարարված է: Այս կառույցը կօգնի լուծել սոցիալական խոցելի խմբի՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մայրերի խնդիրները: Խոսքը հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների մասին է, որոնք, երեխայի խնամքով պայմանավորված, չեն աշխատում:

Շողեր Աթանեսյան («Արդուկ» ՍՁ հիմնադիր- «Արդուկ»-ի շահառուները հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերն են: Նրանք աշխատելու խնդիր ունեն, քանի որ տնից չեն կարող դուրս գալ, երեխաներին չեն կարող թողնել, և մենք նրանց աշխատանքով են ապահովում, տան պայմաններում իրականացնում են արդուկման և լվացքի աշխատանքներ, դրանով հանդերձ հոգում են իրենց ֆինանսական խնդիրը և ստանում կայուն եկամուտ:

Կառույցը ստեղծվել է Եվրամիության դրամաշնորհով: Դեսպան Անդրեա Վիկտորինը գաղափարի հեղինակներին շնորհավորեց, նշեց՝ առողջական խնդրով փոքրիկների մայրերին աշխատանքով ապահովող «Արդուկ» ծրագիրը կլուծի այդ մայրերի սոցիալական դժվարությունները:

Անդրեա Վիկտորին (ՀՀ-ում ԵՄ դեսպան- Այս ծրագիրը հրաշալի հնարավորություն է` հաղթահարելու այն դժվարությունները, որոնք ճակատագրի բերումով ստիպված են հաղթահարել հարյուրավոր կանայք: Մենք համաձայնեցինք աջակցել այս ծրագրին, քանի որ հասկանում ենք, թե որքան կարևոր և զգայուն խնդիր է: Այս ծրագրով մենք մի քանի խնդիր ենք լուծում. նախ՝ մայրերը կլինեն իրենց երեխաների կողքին, երկրորդ՝ չեն զրկվի խնամքից, և հետո՝ կլուծենք նրանց սոցիալական խնդիրը:

Այս ծրագիրը կանանց ավելի ինքնաբավ դարձնելու կարևոր առաքելություններից է. այս համոզմանն է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը: Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ծնողների համար «Արդուկ» սոցիալական ձեռնարկությունը կարող է հավասար հնարավորություններ ստեղծել, նաև աշխատաշուկայում մրցակցություն ապահովել:

Տաթևիկ Ստեփանյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար- Մենք պիտի փորձենք կանանց զորեղացմանն աջակցել հատկապես բարձր զբաղունակության ոլորտներում, որովհետև մենք հիմա ունենք մի պատկեր, երբ կանայք ՀՀ-ում բարձրագույն կրթության ոլորտում անգամ, լինելով ավելի մեծ թվեր-ցուցանիշներ ներկայացնող անձինք, վարձատրության ոլորտում մեծ խզվածք լինելու պատճառով նրանք շատ հաճախ, ցավոք, չեն կարողանում բարձր զբաղունակության ոլորտում իրենց ուրույն տեղը գտնել:

«Արդուկ» սոցիալական ձեռնարկությունը թեև ստեղծվել է ամիսներ առաջ, այնուամենայնիվ, կառույցից վստահեցնում են՝ շահառուներն օր օրի ավելանում են: Ընկերությունից դժվարանում են աշխատողների կոնկրետ թիվ նշել, պատրաստվում են աշխարհագրությունն ընդլայնել և մայրաքաղաքից դուրս գալ՝ հնարավորություն տալով աշխատել նաև մարզերի այն կանանց, որոնք ունեն աշխատանքի կարիք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում