Օնլայն տաքսի ծառայությունների գործունեությունը կհարկվի

ԼԼիլիթ Սեդրակյան

Պետական տուրք՝ օնլայն տաքսիների համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը օնլայն տաքսի ծառայությունների ոլորտը վերահսկելու նպատակով նախագիծ է ներկայացրել: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում առաջարկվում է ավելացնել «էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն» հասկացությունը:

Արմեն Սիմոնյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Այդ կազմակերպություններին մենք ուզում ենք օրինական դաշտ բերել:

Ըստ նախագծի՝ թեթև մարդատար ավտոմեքենայով յուրաքանչյուր պատվերի օնլայն տաքսի ծառայությունից կգանձվի բազային տուրքի 0,1-ապատիկի չափով գումար, այսինքն՝ 100 դրամ։

Արմեն Սիմոնյան - Ինչպես ցանկացած գործունեություն ծավալելու դեպքում ՀՀ-ում վճարվում են տուրքեր, այս ոլորտը ևս պետք է վճարի համապատասխան տուրքեր:

Օրենքի փոփոխությանը համաձայն չէ Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահը: Ասում է՝ նախագիծը անհավասար պայմաններ է ստեղծում:

Վահագն Սահակյան (Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ) - Ի՞նչ ա նշանակում՝ նույն ոլորտում աշխատող երկու սուբյեկտ տարբեր կերպ են հարկվում նույն գործունեությունն անելու համար:

Վահագն Սահակյանի համար հասկանալի չէ՝ ինչպես են վերահսկվելու պատվերների կատարումն ու ինֆորմացիայի փոխանցումը լիազոր մարմնին, եթե ամեն ինչ թողնում են օնլայն տաքսիների բարեհաճությանը: Փոխնախարարը պարզաբանում է՝ օնլայն տաքսի ծառայությունները պարտավոր են տվյալների բազան փոխանցել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Նրա խոսքով՝ էլեկտրոնային հարթակների միջոցով պատվերներ գրանցելն ու փոխանցելը կսահմանվեն ծանուցման ենթակա գործունեություն: Պետական տուրքի գանձումն էլ պետք է ապահովեն ծառայություն մատուցող կազմակերպությունները:

Արմեն Սիմոնյան - Սա առաջին քայլն է, մենք դիտարկում ենք, որ երբ բազաները տրամադրեն, և մենք կարողանանք հստակ թվեր ստանանք, կարգավորումներ կմտցնենք գնագոյացման հարցում:

Փոխնախարարը վստահ է՝ տուրքի սահմանումը չի բերի ծառայությունների թանկացմանը: Ըստ հաշվարկների՝ օնլայն տաքսի ծառայություններն իրականացնում են օրական մոտ 60-70 հազար դրամի պատվեր, և պետական տուրք սահմանելու դեպքում կհարկվեն տարեկան մոտ 2-2.5 մլրդ դրամով:

Արմեն Սիմոնյան - Մենք պետք է տեսնենք՝ ինչ է կատարվում այդ ոլորտում, որքան անձ է ներգրավված:

Բացի պետական տուրքից, օրինագծում ներկայացված է նաև պատվերի վճարման էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ։

Պետական տուրքի գանձումը չապահովելու, էլեկտրոնային անդորրագիրը և տվյալների բազաները չտրամադրելու կամ մասամբ տրամադրելու համար նշանակվելու է տուգանք` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով։

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում