2022-ին դիմած բոլոր 1000 զինծառայողներն էլ կօգտվեն արտոնյալ հիփոթեքային վարկավորման ծրագրից

ՄՄայա Խաչատրյան

526 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԿՕԳՏՎԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՄԱՏՉԵԼԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՑ

526 զինծառայող կօգտվի բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու մատչելի, արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրից. գործադիրն ընդունեց նախագիծը: Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի խոսքով՝ վարկավորման անհրաժեշտ տեղեկանք կհատկացվի 2022-ին դիմած բոլոր զինծառայողներին:

Արման Սարգսյան (ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ) - Ծրագրից առաջնահերթ օգտվելու հնարավորություն է տրվում նաև մինչև 2022-ի հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություն ընդունված և ՌՈՒ ավարտելուց հետո հետուսումնական պայմանագրային զինծառայություն անցնող սպայական կազմի զինծառայողներին՝ ՌՈՒ ավարտելուց հետո 5 տարում դիմելու դեպքում:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մանրամասնեց ծրագիրը՝ նշելով՝ պետությունը կսուբսիդավորի մայր գումարի 10 տոկոսի և սահմանված տոկոսադրույքի 3 տոկոսի չափով: 2022 թվականին այս ծրագրից օգտվելու դիմումներով հաշվառվել է 1018 զինծառայող:

Համբարձում Մաթևոսյան (ՀՀ փոխվարչապետ - Առաջնահերթության կարգով և վիճակահանությամբ վարկավորման տեղեկանք է տրվել 492 զինծառայողի: Այս որոշման նախագծի ընդունման դեպքում մնացած 526 զինծառայողին ևս կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: Հաշվառված բոլոր 1018 զինծառայողները հնարավորություն կունենան օգտվելու այս կարևոր, սոցիալական երաշխիքները բարելավող ծրագրից:

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Գործադիրը հավանություն տվեց կրթության մինչև 2030-ը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագծին: Կրթության զարգացման վերջին պետական ծրագիրն ընդունվել է 2011-ին: Փոխնախարարի խոսքով՝ ժամանակի հրամայական է գերակա ճանաչված մարդկային կապիտալի զարգացման հայեցակարգի դրույթների ամրագրումը երկարաժամկետ պլանավորման փաստաթղթում: Կրթությանն ուղղված միջոցները ոչ թե ծախս, այլ ներդրում են պետության զարգացման համար՝ հաշվի առնելով, որ տնտեսական զարգացումը կարող է ապահովվել մարդկային կապիտալի զարգացման մեջ շոշափելի ներդրումների միջոցով՝ նշեց Արթուր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ծրագրի կենտրոնում մարդն է:

Արթուր Մարտիրոսյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Ծրագրի վերջնական նպատակն է ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված արդյունավետ, միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ:

Սահմանվել է 3 ռազմավարական ուղղություն. համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում, կրթության արդյունավետության բարձրացում, կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացում ու արտահանում: Մարտիրոսյանի խոսքով՝ նախագիծը մի քանի անգամ քննարկվել է, լրամշակվել: Հասանելի, մատչելի հաստատությունների, ծրագրերի ապահովում, պատշաճ կահավորված, արդիականացված դպրոցներ. փոխնախարարը ներկայացրեց առանցքային դրույթները:

Արթուր Մարտիրոսյան - Ոչ մի երեխա մեր երկրում դուրս չի մնա պարտադիր կրթության համակարգից: Ծրագիրը նախատեսում է էականորեն փոխակերպել ՀՀ բարձրագույն կրթության համակարգը, որպեսզի այն լինի միջազգայնորեն մրցունակ։ Նախատեսվում են հայաստանյան բուհերի միջազգայնացման, կրթության-գիտության փոխգործակցության խթանման արմատական միջոցառումներ։

Բարձր առաջադիմություն ունեցող, սակայն սոցիալապես անապահով ուսանողներին կտրամադրվեն պետական կրթաթոշակներ: Կստեղծվի 100% պետական ֆինանսավորմամբ 5-8 ԲՈՒՀ։ 2030-ին առնվազն 4 բուհ ըստ նախագծի՝ պետք է ընդգրկված լինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ։ Նախատեսվում է ստեղծել Ակադեմիական քաղաք:

Արթուր Մարտիրոսյան - Ակադեմիական քաղաքը կապահովի ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային, սիներգիական համագործակցության ընդլայնումը՝ ի դեմս ժամանակակից վիրտուալ, սոցիալական, ինչպես նաև ֆիզիկական ենթակառուցվածքների առկայության։

Ազգային Ժողովում ծրագրի հաստատումից հետո Կառավարությունը կհաստատի նաև գործողությունների պլանը։

Համբարձում Մաթևոսյան (ՀՀ փոխվարչապետ) - Մեզ համար շատ կարևոր է, որ ուսման վճարի պատճառով բարձր առաջադիմություն ունեցող որևէ մեկը չզրկվի կրթությունից, կրթական ծառայությունները մատչելի լինեն յուրաքանչյուր քաղաքացու համար: Խնդիրը թիրախավորելու համար ունենք մեկ այլ ծրագիր. խոսքը վերաբերում է 300 դպրոցի, 500 մանկապարտեզի շինաշխատանքներին:

Մյուս կարևոր կետը վերաբերում է ակադեմիական քաղաքին, որը բնույթով պետք է նոր չափանիշ սահմանի: 

Արայիկ Հարությունյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար) - Առաջին հայացքից մարդը, որը վերցնի, կարդա, կմտածի՝ 8 տարում բավականին բարդ է հասնել նպատակներին, վերջին 4 տարում կրթության ոլորտի քայլերին, կհասկանա, որ շատ հարցերով առաջ ենք գնացել, փաստաթղթում ամփոփել, դարակում շարել ենք աշխատանքը, տեսլականն ենք ներկայացնում՝ ինչ պատկեր ենք ունենալու:

851 ՄԼՆ ԴՐԱՄ՝ 5 ԲԿ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՀԱՄԱՐ

851 միլիոն դրամ հատկացվեց 5 բժշկական կենտրոնների կառուցմանը, վերակառուցմանը և մեկի կառուցման նախագծման փաթեթի պատրաստմանը: Կհիմնանորոգվեն Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, Վաղարշապատի, Աշտարակի բժշկական կենտրոնները, Արտաշատի պոլիկլինիկական մասնաշենքը: Տաշիրի և Նաիրիի բուժկենտրոնների համար կկառուցվեն նոր շենքեր: Կազմվելու է Արթիկի բուժկենտրոնի նոր մասնաշենքի կառուցման նախագծային փաթեթը: Այսպիսով, կառուցվող կենտրոնների թիվը կհասնի 13-ի:

Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Մինչև տարեվերջ կունենանք ևս 6 բուժկազմակերպության փաստաթղթերի փաթեթները: Շինարարական այս տեպմը պահպանելու դեպքում առնվազն 50-ի կառուցման, վերազինման խոստումը հաջողությամբ իրականացնելու ենք:

Առաջիկայում կապիտալ ծախսերը կուղղվեն առողջության առաջնային օղակի շենքային պայմանների բարելավմանը: Բնակավայրերում, որտեղ ամբուլատորիաները համայնքային ենթակայությամբ են, կնորոգվեն նաև սուբվենցիոն միջոցներով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում