Մետրոպոլիտենի մեքենավարները վստահեցրել են` կրկին գործադուլի չեն դիմի

ՀՀայկ Նավասարդյան

Երևանի Մետրոպոլիտենը առավոտյան 9.30-ից բնականոն աշխատում է՝ համաձայն հաստատված գրաֆիկի:

Մինչև այդ, սակայն, հաստատված գրաֆիկը խախտվել էր լուսաբացին: Առավոտյան 6-ից էլեկտրագնացքների մեքենավարները՝ մոտ 80 հոգի, գործադուլ էին սկսել, հրաժարվել գիծ դուրս գալ:

Մետրոպոլիտենի մեքենավարները պնդում են՝ աշխատանքի պատասխանատվությունը բարձր է, վարձատրությունը ցածր:

Արթուր Դավթյան (մեքենավար) - Ակցիայի հիմնական նպատակը եղել է աշխատավարձերի բարձրացումը:

Ակցիայի մասնակիցներին հանդիպել է Մետրոպոլիտենի տնօրինությունը, համաձայնության են եկել, մեքենավարները վերադարձել են աշխատանքի: Տնօրենի պաշտոնակատար Սահակ Վարդանյանը վստահեցնում է՝ գիտի հին խնդիրների մասին, թեև նոր է պաշտոնավարում: Առաջիկայում սպասվում է աշխատավարձերի վերանայում ոչ միայն մեքենավարների, այլև՝ ամբողջ անձնակազմի համար:

Հստակ ժամկետներ, սակայն, չեն նշվում: Մեքենավարներն աշխատում են 2 հերթափոխով՝ մեկ օր առավոտյան, մեկ օր՝ երեկոյան, 8-ժամյա գրաֆիկով, շաբաթը՝ 5 օր: Աշխատավարձը 250 000-320 000 դրամ է:

Արթուր Դավթյան - Էս գնային թանկացումների հետ կապված` չի համապատասխանում այն աշխատավարձը, որի համար մենք վարձատրվում ենք:

Երևանի Մետրոպոլիտենում այս տարի, 2021-ի համեմատ, տնօրենի պաշտոնակատարի տվյալով` ավելացել են ուղևորափոխադրումները. հավելյալ միջոցները կուղղվեն աշխատավարձերի բարձրացմանը:

Սահակ Վարդանյան (Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար) - 30-35 տոկոսով ավելացել է, բայց կա նաև կա խնդիր` մետրոպոլիտենը ծախսածածկում չի ապահովում, և դա ծածկում ենք պետության սուբսիդիայով:

Պետության սուբսիդիան տարեկան կազմում է մոտ 2 մլրդ 100 միլիոն դրամ: Մետրոպոլիտենում վստահեցնում են՝ ունեցած միջոցներով աշխատում են և՛ տեխնիկական խնդիրները լուծել, և՛ ցածր աշխատավարձերը բարձրացնել:

Մեքենավարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նրանք նման քայլի կրկին չեն դիմի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում