Հրդեհներից խուսափելու համար տեսչական մարմինը ճամբարներում իրազեկման միջոցառումներ է սկսել

ՀՀովհաննես Վարդանյան

Հանրապետության տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հրդեհների բռնկումներն ու տարածումը կանխելու համար Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ճամբարներում երեխաների համար կանխարգելիչ, իրազեկման միջոցառումներ է սկսել: 

Փոքրերն ուշադիր լսում, իրենց արկածների մասին հարցերով են անկեղծանում: Ջոկատավարներն էլ նրանց բացատրում, պահանջում են՝ կրակ չվառել, չմարած մոխրակույտերի հետ խաղ չանել: Հատկապես գյուղական բնակավայրերում քիչ չեն դեպքերը, երբ երեխաների միջամտությամբ խոտի հսկայական դեզեր, տներ են այրվել:

Ռուբեն Մուրադյան (ջոկատավար) - Անտառում ինչքան թափոն կա, որոնք նպաստում են հրդեհին, հավաքել ենք: Անընդհատ բացատրում ենք երեխաներին՝ ինչպես օգտվեն և ինչպես պահեն, օրինակ, չոր և բաց տարածքներում, որպեսզի հրդեհներ չլինեն:

Տեսչական մարմնից նշում են՝ կանխարգելիչ միջոցառումները սկսել են ճամբարներից, քանի որ երեխաներն այդ առումով ռիսկային գոտում են:

Ելենա Զոհրաբյան (ՔՏՀԱՏՄ հանրային կապերի բաժնի պետ) - Հաշվի առնելով, որ նրանց երևակայությունը անսահման է, և կարող է ինչ-որ փորձարկումներ անելու բաց դաշտ ստեղծվի, անհրաժեշտություն ենք համարել հենց ճամբարներից ու նախակրթական հաստատություններից սկսել այս իրազեկման աշխատանքների իրականացումը:

Ծաղկաձորի և Հանքավանի ճամբարներ տեսուչներն այցելեցին, օրինակներով բացատրեցին, նաև գործնականում կրակի կիրառմամբ ցույց տվեցին, թե ինչը կամ ինչպես կարող է հրդեհային իրավիճակ ստեղծել:
 
Հետագա ռիսկերից խուսափելու համար տեսչականի մասնագետներն ավել վաղ ճամբարներում հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել, ղեկավարներին զգուշացրել՝ խստորեն հետևել անվտանգության նորմերի պահպանմանը, տարածքում ապահովել պաշտպանիչ միջոցներ:

Տեսչական մարմինը նման միջոցառումներ նախատեսում է կազմակերպել նաև Լոռու մարզի ճամբարներում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում