Առաջիկա ամիսներին կգործարկվի հակակոռուպցիոն դատարանների եռաստիճան շղթան

ՄՄայա Խաչատրյան

Հայաստանում հակակոռուպցիոն դատարանի ձևավորումը ավարտական փուլում է: Դատական նոր համակարգը կսկսի գործել ընդամենը 2-3 շաբաթ անց:

Գրիգոր Մինասյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ- Մինչև սեպտեմբեր կունենանք արդեն գործող հակակոռուպցիոն դատարան:

Հակակոռուպցիոն առաջին ատյանի 15 դատավորից 10-ը քննելու են կոռուպցիոն հանցագործություններին առնչվող, 5-ը` հակակոռուպցիոն քաղաքացիական գործերը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 12 դատավորից 6-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունները, 6-ը` հակակոռուպցիոն քաղաքացիական գործերը:

Գրիգոր Մինասյան - Առանձին պալատ է լինելու վճռաբեկ դատարանում, որը բաղկացած է լինելու 10 դատավորից, նույնպես բաժանված է լինելու 2 կազմի՝ 5-ական, նույնպես քննելու են քրեական կոռուպցիոն գործերը և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերը:

Թեկնածուներն Արդարադատության ակադեմիայում սովորել են, անցել փորձաշրջան, հանձնել որակավորման քննություն: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգելու է դատավորների բարեվարքությունը, գնահատելու գույքային վիճակը: Միջազգային և տեղական փորձագետներն էլ եզրակացություն են տրամադրելու ԲԴԽ:

Գրիգոր Մինասյան - Բավականին բարձրացվեց այդ դատավորների աշխատավարձը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ շատ ռիսկային բլոկ է: Այն գործերը, որոնք քննելու են այս կարևոր մարմնում՝ դատարանում, շատ կարևոր են մեր պետության համար:

Նոր դատական համակարգը համալրող դատավորներն ունեն բարձր պրոֆեսիոնալիզմ՝ նշում է արդարադատության փոխնախարարը: Գրիգոր Մինասյանը համոզված է՝ ստեղծվող ու արդեն գործող մարմինները, միմյանց փոխլրացնելով, ի վերջո ապահովելու են հակակոռուպցիոն քաղաքականությունը:

Գրիգոր Մինասյան - Գործարկելով հակակոռուպցիոն դատարանը՝ մենք ոչ միայն լուծում ենք հենց կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում այն բոլոր խնդիրները, որ տարիներով կուտակվել են, այլ նաև մեծ բեռնաթափում է տեղի ունենալու դատարանում: Մի նոր ինստիտուտ է ստեղծվում, մասնագիտացված դատարան, որը մեր երկրում շատ խնդիրներ է լուծելու:

Կոռուպցիոն քննվող գործերը կփոխանցվեն նորաստեղծ դատարանին: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն առնչվող օրենսդրությամբ՝ բոլոր այդ քաղաքացիական գործերը ևս կքննի հակակոռուպցիոն դատարանը: Դեռևս դատաքննության փուլ չմտած գործերը ևս կփոխանցվեն մասնագիտացված դատարանին:

Գրիգոր Մինասյան - Այս նոր 37 դատավորներից, որ համալրելու են դատական համակարգը, սպասելիքները թե՛ հանրության, թե՛ դատական համակարգում շատ մեծ են: Պետք է վստահ լինենք, որ հակակոռուպցիոն շղթան ի վերջո ավարտին ենք հասցնում:

Հակակոռուպցիոն դատական համակարգի համար հատված կառանձնացվի Վճռաբեկ դատարանում: 1-ին ատյանի հակակոռուպցիոն դատարանը կտեղակայվի Թբիլիսյան խճուղում գտնվող ընդհանուր իրավասության դատարանի շենքում, որը նորոգվում է:

Մինչև կավարտվի Արա Սարգսյան հասցեում Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի վերակառուցումը, այն կտեղակայվի Գարեգին Նժդեհ հասցեի դատարանի շենքում:

Գրիգոր Մինասյան - Կառավարության նպատակն է հասնել նրան, որ մոտ ապագայում ստեղծվի առանձին արդարադատության թաղամաս, որտեղ տեղակայված կլինեն բոլոր մարմինները՝ դատարաններ. դատախազություն, հակակոռուպցիոն կոմիտե, ստեղծել միջավայր, իրավապահները ժամանակ չծախսեն. գաղափարի իրականացումը կարևոր է մեզ համար:

Արդարադատության թաղամասի հասցեն դեռևս քննարկվում է, բայց հստակ է` այն չի լինելու Երևանի կենտրոնում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում