Բամբակաշատում գինու արտադրություն է հիմնվել

ՀՀայկուշ Ասլանյան

Նկուղում պապից մնացած գինեգործական սարքերը, տակառիկներն ու գինիներն են, վերևում՝ նոր սարքավորումներով ու բարձր տեխնոլոգիաներով աշխատող գործարանը: Բամբակաշատի հայրական տան բակում Ջրաղացպանյանները գործ են դրել. գինի են արտադրում:

Արտաշես Ջրաղացպանյան (ընկերության տնօրեն- Մեր արտադրությունը խաղողի գինիներ են, բացի այդ, բալից, սերկևիլից, մոշից ու նռից ենք պատրաստում:

Գինեգործության նկատմամբ սերը ընտանիքի տղաներին փոխանցվել է պապից և հորից: Նրանցը տնայնագործական էր, իսկ եղբայրները մասնագիտական կրթություն ստացան, որ տեխնոլոգիաների կիրառմամբ մրցակցային արտադրանք ստեղծեն:

Արտաշես Ջրաղացպանյան - Ոլորտում նոր փորձեր, նոր գինիների պատրաստման պրոցեսներն ենք վերահսկում:

Արտադրությունը հիմնել են 2018 թվականին: Քովիդի շրջանում, երբ շատերը մեկուսացել էին, իրենք գործարանի շենքն էին բարձրացնում, զինում, կահավորում: Սարքավորումների մի մասը ձեռք են բերել միջազգային ծրագրերով: Գործունեության առաջին տարում արտադրել են 5000, երկրորդում՝ 10, իսկ հիմա՝ 20 հազար շիշ գինի:

Արտաշես Ջրաղացպանյան - Վեց տեսակ արտադրում ենք, երկու տեսակը նոր է՝ շուկայի համար, չորս տեսակ՝ «Բամբակ բրենդը», որ մեր գյուղի անվան հետ է կապված, ռուսական շուկայի համար է, բաց շուտով տեղականում էլ կլինի:

Կարմիրից, սպիտակից և վարդագույնից բացի ստացել են նաև չորրորդ գույնը, ինչպես իրենք են ասում՝ օրանժը: Ասում են՝ նորույթ է շուկայում: Եղբայրներն արտադրությունը փորձնական հենքի վրա են դրել: Նոր որակի գինի ստանալու համար տարբեր տեխնոլոգիաներ ու խմորասնկեր են միավորում. նոր համեր են փնտրում:

Արտաշես Ջրաղացպանյան - Վեց խմորասնկերից պատրաստել ենք գինի՝ նույն խաղողից, ուզում ենք հասկանալ, որ խմորասնկի պոտենցիալը արտահայտված կլինի: Հետագայում, եթե համարեցինք՝ արտադրության համար նպաստավոր է, կմտցնենք արտադրություն:

Հիմնականում մթերում են համագյուղացիների բերքը: Բայց կան խաղողի տեսակներ և հատապտուղներ, որոնք այլ մարզերից ու Արցախից են ստանում: Անցած տարի մթերել են 65 տոննա խաղող, այս տարի՝ բերքի որակով պայմանավորված, հնարավոր է` ծավալն ավելանա:

Արտաշես Ջրաղացպանյան - Մեր գյուղում աճեցրած խաղողի սորտերով ենք աշխատում, յուրահատուկ սորտ կա՝ Տիգրանի, որից պատրաստում ենք կարմիր և վարդագույն գինի, որը միակն է շուկայում, մեր այցեքարտն է:

Արտադրանքի մի մասն իրացնում են ներքին շուկայում, մյուսը՝ արտահանում Ռուսաստան, Կանադա, Գերմանիա: Պայմանավորվածություն ունեն նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների գինեգործների հետ:

Արտաշես Ջրաղացպանյան - Աշխարհագրությունն ընդլայնում ենք:

Ընտանիքը նաև գինու տուրիզմի զարգացման կենտրոն է հիմնելու: Համտեսի սրահն արդեն պատրաստ է: Որոշ տեխնիկական գործերից հետո գինու սիրահարների առաջ կբացեն նաև Բամբակաշատի իրենց տան դռները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում