Տեսչականը պահանջում է լիցենզիայից զրկել Դալմայում շենքեր կառուցող «Սահակյանշին» ընկերությանը

ՀՀովհաննես Վարդանյան

Ծիծեռնակաբերդի խճուղու նոր միկրոշրջանի կառուցումը կարող է անորոշ ժամանակով կասեցվել, եթե Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի բողոքը դատախազությունը ներկայացնի դատարան, որն էլ օրենքի խախտում արձանագրի: Մայիսին Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզումից հետո տեսչականը «Սահակյանշին» ընկերության շինհրապարակն ու փաստաթղթերն ուսումնասիրել, երկու ամիս անց արձանագրել է՝ կառուցապատողը խախտել է քաղաքաշինական նորմերը:

Արտաշես Սարգսյան (ՔՏՀԱՏՄ քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության պետ) - 4900 քմ համայնքային հողամասը համաձայնեցված նախագծով նախատեսված է մուտքի, ելքի հանգույցների համար, որը գտնվում է իրենց սեփականության իրավունքով հողամասից դուրս: Շինարարական աշխատանքներ կատարել են էդ հատվածում, որը գտնվում է ճանապարհի եզրին, որի պատճառով նաև փլուզումը տեղի է ունեցել: 

«Սահակյանշինի» տնօրենը, հակառակ տեսչականի պնդումների, վստահեցնում է՝ համայնքային հող չեն զավթել, շինարարական բուն գործողություններն իրականացնում են տրամադրված փաստաթղթերին համաձայն: Սուրեն Սահակյանի խոսքով՝ շինթույլտվություն ստանալիս իրենք պարտավորվել են նաև Ծիծեռնակաբերդի խճուղուն զուգահեռ երկրորդական ճանապարհ կառուցել: Բացի այդ, համայնքային հողը ոչ թե 4900, այլ 2000 քմ է, որի ճակատագիրը հասկանալու համար դիմել են քաղաքապետին:

Սուրեն Սահակյան («Սահակյանշին» ընկերության գլխավոր տնօրեն) - Ունենք համապատասխան գրություն, որով դիմում ենք, որ քանի որ հաստատվել է գլխավոր պլանը, և կառույցների մի մասը գտնվում է քաղաքապետարանին պատկանող հողատարածքում, խնդրում ենք էդ հողամասերի կարգավիճակը պարզել՝ կամ վաճառել ընկերությանը, կամ տալ կառուցապատման իրավունքով վարձակալության: 

6.5 հա ընդգրկող «Պանորամա դալմա» համալիրի շինթույլտվությունը տվել է 2020 թ. հունիսին Հայկ Մարությանը, աշխատանքային նախագիծն այս տարվա մարտին վերահաստատել է գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Տեսչականը նաև միջնորդություն է ներկայացրել Քաղաքաշինության կոմիտե, որպեսզի լիցենզիայից զրկեն կապալառու «Սահակյանշին» ընկերությանը, նաև պարտադիր կատարման ցուցում տվել, որ վերականգնեն փլուզված նախկին ճանապարհը, Երևանի քաղաքապետարանին էլ՝ վերահամաձայնեցնեն նախագիծը: Տեսչական մարմինը կատարված անգործության համար մեղադրում է նաև քաղաքային իշխանությանը:

Արտաշես Սարգսյան - Երևանի քաղաքապետարանի կողմից համայնքային հողամասում կատարվող ինքնակամ շինաշխատանքների նկատմամբ պետք է կազմվեր արձանագրություն, որը չի կազմվել, այսինքն՝ նպաստել են այդ աշխատանքները շարունակելուն:

Դատախազություն ուղարկված արձանագրության մեջ տեսչականը նաև նշել է, որ կապալառու ընկերությունը շինաշխատանքների ընթացքում չի պահպանել համաձայնեցված 27 աստիճան թեքությունը, որի պատճառով տեղի է ունեցել խճուղու մի հատվածի փլուզում: Սուրեն Սահակյանը հակադարձում է, նշում՝ Ծիծեռնակաբերդի խճուղին շինարարական բարդ գոտի է, իրենք այլընտրանքային ճիշտ լուծում են տվել:

Սուրեն Սահակյան - Սահմանված թեքությունը պահպանում են այն ժամանակ, երբ տեղանքը թույլ է տալիս: Ըստ մեր հաստատված նախագծի՝ մենք պետք է ամբողջությամբ վերացնեինք Ծիծեռնակաբերդի խճուղին, որպեսզի էդ նորմատիվն ապահովեինք: Մենք ուրիշ լուծում ենք գտել, ստեղծել ենք նախագիծ երկաթբետոնյա հենապատ, որպեսզի Ծիծեռնակաբերդի խճուղու երթևեկությունը չփակվի և դժվարություններ չստեղծի: 

«Պանորամա Դալմա» համալիրում այս պահին ակտիվ շինարարություն է: Սուրեն Սահակյանը հույս ունի, որ դատախազությունն ու Քաղաքաշինության կոմիտեն ճիշտ կգնահատեն իրավիճակը, հակառակ դեպքում ստիպված կլինեն հարցերը դատարանում պարզել՝ կորցնելով ժամանակը, որը կարևոր է շենքերի ապագա բնակիչների համար:

Երևանի քաղաքապետարանից «Լուրերին» տեղեկացրին՝ խնդրին տեղյակ են, ուսումնասիրում են, սակայն այս փուլում չեն ցանկանում մեկնաբանել այն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում