Սփյուռքի հայկական կրթօջախների մանկավարժների վերապատրաստումն իրականացվելու է առկա և հեռավար ձևաչափերով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թ. շարունակում է սփյուռքում գործող հայկական դպրոցների մանկավարժների վերապատրաստման ծրագիրը, որը կանցկացվի համակցված (առկա և հեռավար) ձևաչափերով:
Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդող մանկավարժները:
Վերապատրաստումն ընթանալու է հետևյալ ուսումնական ուղղություններով՝ յուրաքանչյուրը 120 դասաժամ՝
- ուսուցում մանկապարտեզում.
- ուսուցում մեկօրյա դպրոցում.
- հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում.
- հայոց լեզվի և գրականության դասավանդում.
- հայ մշակույթի պատմություն և արվեստ.
- հայոց պատմություն.
- տնօրենների վերապատրաստում:
Առկա ձևաչափով վերապատրաստման փուլը կանցկացվի օգոստոսի 1-15-ը. այն նախատեսված է միայն «Մշակույթի պատմություն, արվեստ» խմբի մասնակից մանկավարժների համար: Հեռավար ձևաչափով վերապատրաստումը կանցկացվի օգոստոս 1-31-ն ընկած ժամանակահատվածում:
Հայաստանում վերապատրաստվող ուսուցիչների կեցության, սննդի, դասընթացների ծախսերը հոգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները):
Դասընթացներն ավարտած ուսուցիչները կստանան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր:
Ուսումնական խմբերի, ուսումնական պլանների և վերապատրաստող կազմակերպության հայտերը ներկայացնելու մասին տեղեկությունները կտրամադրվեն լրացուցիչ՝ համաձայն ժամանակացույցի:







