ԼԼիլիթ Ասատրյան

Անցկացվել է քննարկում խոտածածկ և բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելուն ուղղված կանխարգելիչ միջոցառումների թեմայով

Անցկացվել է քննարկում խոտածածկ և բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելուն ուղղված կանխարգելիչ միջոցառումների թեմայով

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանի նախաձեռնությումբ հուլիսի 20-ին տեսչական մարմնում տեղի Է ունեցել ընդլայնված աշխատանքային քննարկում՝ խոտածածկ և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհներից խուսափելուն ուղղված թեմայով։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության, Երևանի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի ղեկավար կազմն ու մասնագետներ, ինչպես նաև ԱԻՆ-ի, պաշտպանության, շրջակա միջավայրի նախարարությունների, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Կ․Դեմիրճյանի անվան անվան մարզահամերգային համալիրի, «Հայնանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը ներկայացրել է 2021 թ․ և 2022 թ․ 1-ին կիսամյակում հանրապետությունում տեղի ունեցած հրդեհների վիճակագրությունը։ Ըստ այդմ՝ հրդեհների մեծ մասը տեղի է ունեցել խոտածածկ և բուսածածկ տարածքներում։ Այնուհետև քննարկման մասնակիցները ներկայացրել են իրենց կազմակերպություններում առկա խնդիրները։

Նշվել է, որ հրդեհների տարածմանը նպաստում է այն հանգամանքը, որ խոտածածկ շատ տարածքներ ոռոգման խնդիր ունեն։ Առաջարկ է արվել մինչ ոռոգման ցանցի անցկացումն այդ տարածքներում խոտհունձ կատարել։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցն առաջարկել է ուսումնասիրել ու գնահատել խոտածածկ ու բուսածածկ տարածքների ռիսկայնությունը և ըստ այդմ իրականացնել հսկիչ այրումներ, հնարավորության դեպքում նաև՝ ճանապարհահատվածներում արգելափակիչ հանքայնացման շերտերի բացման աշխատանքներ։

ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի վարչության հրդեհաշիջման և փրկարար աշխատանքների բաժնի պետ Գեղամ Հակոբյանը հայտնեց, որ հրդեհավտանգ առումով առավել ռիսկային տարածքներում հսկիչ կայաններ և ջոկատներ են տեղակայել և շուրջօրյա հերթապահություն ապահովել։ Քննարկման մասնակիցները կարևորեցին քարոզչական միջոցառումների անցկացումը։ Մասնավորապես՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության պետ Լիլիթ Ղարիբյանն անհրաժեշտություն է համարել կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումների անցկացումը՝ դրանք սկսելով հանրակրթական հաստատություններից, իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանն առաջարկել է անտառային հատվածներում հրդեհների նախականխման ու խոտհնձի աշխատանքներին ներգրավել տեղի բնակչությանը։

Քննարկմանը նշվել է, որ առանձին և լուծում պահանջող հարց է մասնավոր ու վարձակալության տրված կանաչ տարածքներում հակահրդեհային միջոցառումների անցկացումը։ Դրանք սեփականատերերի ու վարձակալների կողմից պատշաճ չեն ոռոգվում, խոտհունձ չի կատարվում։ Այդ համատեքստում կարևորվել է վարձակալների ու սեփականատերերի շրջանում բացատրական աշխատանքի կատարումը։ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ա․Պապիկյանը նշել է, որ հրդեհների կանխարգելման գործում պետք է ակտիվ համագործակցություն լինի Երևանի քաղաքապետարանի վարչական շրջանների աշխատակազմերի ու ԱԻՆ-ի միջև։

Հաշվի առնելով բարձր ռեժիմի ջերմային ֆոնը՝ քննարկման ավարտին առաջարկվել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծել աշխատանքային խումբ՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում