ԼԼիլիթ Ասատրյան

Գերմանիան կարևոր գործընկեր է Հայաստանի համար. Արմավիրի մարզպետ

Գերմանիան կարևոր գործընկեր է Հայաստանի համար. Արմավիրի մարզպետ

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հուլիսի 15-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակության այցն Արմավիրի մարզ՝ Էդվարդ Հովհաննիսյանը կողմերի միջև ձևավորված հարաբերությունների համար նախ շնորհակալություն է հայտնել ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանին՝ վստահություն հայտնելով, որ հանդիպումը հնարավորություն կընձեռի տարածաշրջանային և համայնքային մակարդակով զարգացնել հետագա հարաբերությունները:

Անդրադառնալով Սաքսոնիա-Անհալթ երկրամասում տարիներ առաջ իրականացված համայնքների խոշորացման գործընթացին՝ մարզպետը կարևորել է կողմերի միջև փորձի փոխանակումը, ապա ներկայացրել գիտակրթական, սոցիալ-տնտեսական, գյուղատնտեսական և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Նա նաև ամփոփ տեղեկություն է փոխանցել Արմավիրի մարզի վերաբերյալ՝ ընդգծելով հիմնական առանձնահատկություններն ու դրանց նշանակությունը մարզային տնտեսության զարգացման գործում:

Պատվիրակության ղեկավար Գուննար Շելլենբերգերը շնորհակալություն է հայտնել մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին ջերմ ընդունելության համար, ներկայացրել մարզ կատարած այցի դրական տպավորություններն ու դրանց նշանակությունը հետագա համագործակցության հարցում: Նա իր խոսքում կարևորել է այցելության շրջանակում կողմերի միջև փոխգործակցության ուղղված հստակ ծրագրերի նախանշումը, որոնք կնպաստեն գործընկերության զարգացմանը: Շելլենբերգերն ուրախությամբ նշել է նաև, որ այցի ընթացքում մարզի տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումներն իրենց հերթին կնպաստեն երկկողմ ծրագրերի իրագործմանը:

Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են խորհրդանշական նվերներով, որից հետո մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Արմավիրի մշակույթի տանը բացված լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացված են եղել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի տեսարժան վայրերը պատկերող գերմանացի լուսանկարիչ Յանոս Շտեկովիչի 31 լուսանկարները:

Ցուցադրված լուսանկարներին ծանոթանալուց հետո մարզպետը հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով. 

«Հարգելի ներկաներ,

2022 թվականը հայ-գերմանական հարաբերությունների համար հոբելյանական է. այս տարի մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Կարծում եմ՝ ամենևին էլ պատահական չէ, որ Արմավիրի մարզի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև այս մակարդակով հարաբերությունների ձևավորումը համընկնում է հենց հոբելյանական տարվա հետ, և ավելի քան վստահ եմ, որ փոխգործակցության ցանկացած ձեռնարկ բառիս լավ իմաստով «դատապարտված» է հաջողության:

Օգտվելով առիթից՝ ուրախ եմ փաստելու, որ Գերմանիան կարևոր գործընկեր է Հայաստանի համար և երկկողմ հարաբերությունների տիրույթում, և բազմակողմ համագործակցության ձևաչափերում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրամիության տարբեր ծրագրերի և միջազգային այլ կառույցների շրջանակներում:

Կարևորում եմ նշել, որ հայ-գերմանական միջպետական հարաբերությունները հիմնված են իրավապայմանագրային լայն դաշտի վրա: Գերմանիան նաև Հայաստանի ամենախոշոր առևտրատնտեսական գործընկերներից է: Այդ մասին են փաստում պատկան գերատեսչությունների կողմից հրապարակվող տվյալներով հայ-գերմանական առևտրաշրջանառության ծավալների՝ վերջին տարիներին գրանցված դինամիկ աճը:

Ինչ խոսք, մեր երկու պետությունների միջև ձևավորված բազմավեկտոր հարաբերությունները կարևոր նախադրյալ են հանդիսանում Արմավիրի մարզի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև մարզային և քաղաքային մակարդակով հաստատված գործընկերությունը միանգամայն նոր հարթության վրա դնելու համար:

Անդրադառնալով համագործակցության հնարավոր շրջանակներին՝ կցանկանայի առանձնացնել կրթության, մշակույթի, զբոսաշրջության և, իհարկե, գյուղատնտեսության ոլորտների և դրանցից բխող այլ ուղղությունների վրա հիմնված հարաբերությունների կառուցումը: Ըստ իս՝ այս ձևաչափով մեր համագործակցության զարգացմամբ հայ-գերմանական հարաբերությունները կարող են էլ ավելի ամրապնդվել և նոր հեռանկարներ ուրվագծել:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության հարգելի գործընկերներ,

Կրկին ողջունում եմ ձեր այցն Արմավիրի մարզ և համոզված եմ, որ նման մակարդակով այցելություններն իրենց հերթին կբերեն համագործակցության կայուն և շարունակական զարգացման: Եվ որպես Արմավիրի մարզպետ՝ ի պաշտոնե պատրաստակամություն եմ հայտնում աջակցելու տարբեր ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրագործմանը՝ հանուն երկու բարեկամ ժողովուրդների բարօրության և ձևավորված փոխգործակցության զարգացման»:

Հավելենք, որ ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ  Գուննար Շելլենբերգերի հրավերով հոկտեմբեր ամսին ընդգրկուն օրակարգով նախատեսվում է մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակության այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում