ԱԱրսեն Մկրտչյան

Քննարկվել են 2023 թ. պետբյուջեի նախնական տարբերակում ներառված տնտեսական բնագավառի բյուջետային ծրագրերը

Քննարկվել են 2023 թ. պետբյուջեի նախնական տարբերակում ներառված տնտեսական բնագավառի բյուջետային ծրագրերը

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հուլիսի 15-ի համատեղ նիստում՝ Բաբկեն Թունյանի և Գևորգ Պապոյանի նախագահությամբ, քննարկվել են տնտեսության ոլորտի 2023 թ. նախնական բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ 2023 թ. կառույցի համար նախատեսվել է շուրջ 4.3 մլրդ դրամ: Ըստ նրա՝ կարևոր գործառույթներից են համակարգի թվայնացումը, քաղաքացիներին ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը: Ներկա դրությամբ ընթանում են Շիրակի մարզի քարտեզագրման աշխատանքները:

Նշելով, որ տարվա ընթացքում շուրջ 200 հազար դիմում է սպասարկվել, Կադաստրի կոմիտեի ղեկավարն ընդգծել է ճկուն գործիքակազմի ներդրմամբ իրենց մասնագետների աշխատանքի դյուրացման անհրաժեշտությունը:

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովին 2023 թ. պետական բյուջեով նախատեսվել է հատկացնել 550 մլն դրամ: Գեղամ Գևորգյանի հավաստմամբ՝ հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացնում կենսական նշանակություն ունեցող շուկաներում: Արդյունքում, ըստ նրա, այս տարի արդեն երկու վարույթ է հարուցվել, հայտնաբերվել է անբարեխիղճ մրցակցության 70 դեպք:

Գեղամ Գևորգյանը նաև նշել է, որ ՄՊՀ-ն թվայնացրել է աշխատանքային գործընթացները:

Նա տեղեկացրել է, որ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ապրանքային շուկաներն ուսումնասիրվում են 5 տարին մեկ անգամ:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն առաջարկել է սահմանել նպատակային ելակետ, ինչը հնարավորություն է տալիս ապրանքային շուկաներում ավելի հաճախակի դարձնել ուսումնասիրությունները:

Արդյունքային ցուցանիշների առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ առաջիկայում կներդրվի գնահատման եռաստիճան համակարգ, որը, որպես պիլոտային ծրագիր, առաջինը կկիրառվի ՄՊՀ-ում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը կարևոր է համարել ճշգրիտ չափորոշիչների կիրառումը ծրագրային բյուջետավորման գործընթացում:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ նախարարությանը հատկացվելու է շուրջ 320 մլրդ դրամ. կիրականացվեն մի շարք ծրագրեր՝ 134 մլրդ դրամ կհատկացվի տրանսպորտին: Անդրադառնալով ճանապարհաշինության խնդիրներին՝ փոխնախարարը տեղեկացրել է, որ 13.8 մլրդ դրամ է հատկացվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցմանը: Ըստ նրա՝ արդեն սկսվել են հողերի օտարման աշխատանքները: Եկող տարի շահագործման կհանձնվի Բագրատաշենի կամուրջը՝ 65 մլրդ դրամ կհատկացվի ջրային տնտեսությանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ ասֆալտապատման որակի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ փոխնախարարը նշել է, որ լուրջ խնդիրներ կան տեխնիկական վերահսկողության հարցում, սակայն որակի ուղղությամբ առաջընթաց է գրանցվել:

Նույն հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցերն առնչվել են ջրային տնտեսությանն ու ոռոգման համակարգին: Վաչե Տերտերյանի հավաստմամբ՝ ահռելի գումարներ են անհրաժեշտ ոռոգման համակարգը հիմնովին բարեփոխելու համար: Ըստ նրա՝ փաստացի նոր ջրագծեր, որոնք կհասնեն հողագործին, չեն կառուցվել, դեռևս գործում է Շամիրամի հազարամյա ջրանցքը:

Վահան Քերոբյանի հավաստմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 2023 թ. հատկացվելու է 51.8 միլիարդ դրամ, տնտեսական ոլորտին 21.9 մլրդ, որից արտաքին աղբյուրներով՝ 8.6 միլիարդ դրամ: Կիրականացվի 12 ծրագիր՝ 47 միջոցառում:

Գյուղատնտեսությանը նախատեսվել է 29.9 միլիարդ, որից արտաքին աղբյուրներով՝ 2.5 մլրդ: Բնագավառում կիրականացվի 6 ծրագիր՝ 30 միջոցառում: Զբոսաշրջության զարգացման համար կհատկացվի 8.9 մլրդ դրամ:

Վահան Քերոբյանը նշել է նաև, որ այս տարվա առաջին հինգ ամիսներին գրանցվել է 10.2 տոկոս տնտեսական ակտիվություն:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի հավաստմամբ՝ կառույցի համար նախատեսվել է 11.9 միլիարդ դրամ, կիրականացվի 7 միջոցառում: Նա նշել է, որ առաջիկայում կավարտվեն բոլոր մարզերի տարածական փաստաթղթավորման և գլխավոր հատակագծերի կազմման աշխատանքները: Արմեն Ղուլարյանը նշել է նաև, որ շարունակական են դառնալու վթարային շենքերի վերականգնողական աշխատանքները:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ հանձնաժողովի համար նախատեսվել է 1.8 մլրդ դրամ: Նա, կարևորելով ՀԾԿՀ-ի գործունեությունը, ընդգծել է իրականացված կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ նախարարությունը մշակում և իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը: Նրա հավաստմամբ՝ 2023 թ. պետական բյուջեի նախնական նախագծով հատկացվել է 18.9 միլիարդ դրամ, կիրականացվի 4 ծրագիր:

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հավաստմամբ՝ 27.38 միլիարդ դրամ է հատկացվելու կոմիտեին: Ըստ նրա՝ հարկային եկամուտների հավաքագրումը սահմանվել է 100 տոկոս: Առաջիկայում կսկսվեն Մեղրու նոր մաքսակետի շինարարական աշխատանքները: Նշվել է, որ ՊԵԿ-ն ունի 26 արդյունքային ցուցանիշ:

Ռուստամ Բադասյանը կարևոր քայլ է համարել նախնական հայտարարագրման համակարգի ներդրումը, ինչը դյուրինացնում է գործարար հանրույթի գործունեությունը:

ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող Գագիկ Բարսեղյանը տարբեր բնագավառների բյուջետային հատկացումների վերաբերյալ ներկայացրել է մի շարք դիտարկումներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում