ԼԼիլիթ Ասատրյան

Ավարտվել են կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի քննությունները

Ավարտվել են կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի քննությունները

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախօրեին կայացել է կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի քննությունների վերջին՝ տեսական փուլը:

Ավելի վաղ տեղի էր ունեցել օլիմպիադայի գործնական փուլը, որն ուներ փորձարարական բնույթ և անցկացվել էր չորս՝ կենսաքիմիա, բույսերի անատոմիա և ֆիզիոլոգիա, կենդանիների անատոմիա և ֆիզիոլոգիա, կենսաինֆորմատիկա ուղղություններով:

Յուրաքանչյուր մասնակցի տրվել է 7 ժամ, օլիմպիականները քննության ընթացքում համացանցի հասանելիություն չեն ունեցել:

Հիշեցնենք, որ կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 64 երկրի աշակերտական թիմեր՝ յուրաքանչյուր թիմում 4 մասնակից: Օլիմպիադային մասնակցում են 3 դիտորդ երկրներ՝ Աֆղանստան, Բոլիվիա, Ֆրանսիա:

Արդյունքները գնահատելու են Հայաստան ժամանած միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամները: Ժյուրին աշխատում է գաղտնիության պայմաններում` գիտական օլիմպիադաների քննական ընթացքն ապահովելու համար կազմկոմիտեի մշակած հատուկ ծրագրով։

Օլիմպիադայի հաղթողների և մեդալակիր թիմերի անունները կհայտարարվեն հուլիսի 17-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված փակման արարողության ընթացքում:

Հայաստանի մասնակիցների խումբը ձևավորվել է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքներով. երեք մասնակից` «Հերացի» ավագ դպրոցից, մեկը՝ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցից:

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանը մասնակցում է 2009 թվականից:

Հայաստանից մինչև օրս օլիմպիադային մասնակցել է 35 աշակերտ:

Միջազգային օլիմպիադան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանում անցկացվում է առաջին անգամ:

Ծրագիրը համակարգում է Երևանի պետական համալսարանը։

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի ծրագրի ղեկավարը ԵՊՀ գիտաշխատող, ՀՀ ԿԳՄՍՆ կենսաբանության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ, կ.գ.թ. Գայանե Ղուկասյանն է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում