Ռազմական գործողություններին մասնակցած անձանց զբաղվածության հարցը կլուծվի

ԼԼիլիթ Ասատրյան

Երկնքում թռիչքի համար օդանավի մեկ շարժիչն էլ բավարար է: Հայկը երկնքում հաճախ էր տեսնում ինքնաթիռի թռիչքի սպիտակ հետքը: Երբեք չէր մտածի, որ իր կյանքի ճանապարհը հատվելու է օդանավակայանի թռիչքուղու ու երկինք բարձրացող հսկաների հետ: 44-օրյայի մասնակից է, վիրավորվել է պատերազմի վերջին օրը:

Հայկ Նալբանդյան (44-օրյա պատերազմի մասնակից, ծրագրի շահառու) - Դիպուկահարն է խփել, թիկունքից մտել` աջ կողմից, վզիցս դուրս է եկել:

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում բուժման ընթացքում Հայկին առաջարկել են աշխատանք ավիացիայի ոլորտում: Մի քանի ամսում ձեռք բերած հմտություններով հնարավորություն ընձեռվեց աշխատանքի անցնել «Զվարթնոց» օդանավակայանում:

Այժմ ինքնաթիռների տեխնիկական սպասարկման մասնագետ է, աշխատանքը հերթափոխով է:

Հայկ Նալբանդյան - Պլաններ ունեմ սեփական բիզնես ստեղծեմ: Լավ լինի, պետությանն էլ օգուտ կտամ:

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում բնականոն կյանք վերադառնալու համար տղաների համար ստեղծված են լավագույն պայմանները: Կենտրոնն ապահովված է բուժման համար անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումներով, նորագույն մեթոդներով անցկացվում են համալիր հետազոտություններ, տարբեր ծրագրերով ստանում են նոր մասնագիտություն, այնուհետև գործընկեր կազմակերպությունների ջանքերով ու պետական ծրագրերով կազմակերպվում է աշխատանքի տեղավորման հարցը: Մարդկանց մոտիվացնելու, ապա աշխատանք գտնելու 10-ից ավելի ծրագիր կա:

Ռուբեն Սարգսյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - 2020 թ. ավարտին ունեցել ենք մոտ 1000 հոգի շահառու:

Այսքանով աջակցման ծրագրերը չեն սահմանափակվում, շարունակական են լինելու: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՊՆ-ի հետ համատեղ ծրագիր է սկսել՝ լուծելու ռազմական գործողություններին մասնակցած անձանց զբաղվածության հարցը:

Ռուբեն Սարգսյան - Զորացրվելուց հետո քաղաքացիները վերադառնում են տուն, պետությունը պետք է օժանդակի, մի քանի բաղադրիչով հասկանա՝ ինչ կարիքներ ու հմտություններ ունի, դա արվում է զորամասերում:

Մոտավորապես 100 շահառու մասնավոր կազմակերպություններից մեկում կարողացել է մասնագիտական ուսուցում ստանալ ՏՏ ոլորտում: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն էլ օժանդակելու է աշխատաշուկայում մրցունակ դառնալու հարցում:

Հեղինակ` Նոնա Գրիգորյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում