ԱԱրսեն Մկրտչյան

Հանրային քննարկում՝ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ. ռազմավարության նախագծի վերաբերյալ

Հանրային քննարկում՝ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ. ռազմավարության նախագծի վերաբերյալ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ տեղի է ունեցել հանրային քննարկում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ. ռազմավարության նախագծի վերաբերյալ։

Միջոցառման շրջանակում ներկայացվել են ռազմավարության գերակայությունները, նախատեսվող ծրագրերն ու ակնկալվող արդյունքները։ 

Անդրադառնալով ռազմավարության մշակման անհրաժեշտությանն ու սահմանված նպատակներին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ սա առաջին փորձն է՝ մշակելու առկա մարտահրավերներին արձագանքող և ՀՀ Կառավարության առաջնահերթություններից ու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից բխող, սոցիալական պաշտպանության ոլորտի համալիր ռազմավարական փաստաթուղթ։

Այս համատեքստում նախարարն ընդգծել է կանխարգելման քաղաքականության իրականացման կարևորությունը, որը քաղաքացիներին հնարավորություն կտա շրջանցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկը և սեփական  հմտությունների ու կարողությունների զարգացման միջոցով ապահովել իրենց ընտանիքի բարեկեցությունը։

«ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ռազմավարության հիմնային սկզբունքներից է մարդկային կապիտալի շարունակական զարգացման ապահովումը՝ քաղաքացիների մրցունակության բարձրացման, մասնագիտական ներուժի իրացման ու ընտանիքի բարեկեցության ապահովման միջոցով։ Մեզ համար կարևոր է մարդու նախածննդյան շրջանից մինչև կյանքի ավարտն ընկած յուրաքանչյուր կենսափուլի համար առաջարկել համապատասխան միջոցառումներ և ծրագրեր՝ վերջիններիս տարիքին և կարիքին համապատասխան»,- նշել է նախարարը։

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը ևս, անդրադառնալով ԱՍՀՆ-ի հետ համատեղ իրականացված աշխատանքներին, նշել է, որ դեռևս 2021 թ. դեկտեմբերից ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ներգրավված է եղել ռազմավարության մշակման աշխատանքներում․

«Նախարարության հետ համագործակցությամբ արվել է ամենը, որ ռազմավարության մշակման գործընթացը լինի թափանցիկ և մասնակցային։ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի համար նույնպես կարևոր է մարդու կյանքի յուրաքանչյուր փուլում բացահայտել առկա հիմնախնդիրները և համապատասխան միջոցներ ձեռնարկել դրանց հաղթահարման ուղղությամբ։ Հավասար հնարավորությունների իրավունքի ապահովումն ու սոցիալական պաշտպանությունը պետք է ուղղված լինեն բոլորին՝ հատկապես խոցելի ընտանիքներին և նրանց երեխաներին»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Վիկտորյա Այդինյանը ներկայացրել է ռազմավարությամբ սահմանված նպատակները, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված հիմնախնդիրներն ու դրանց լուծման տեսլականը, ինչպես նաև սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետության շարունակական առաջընթացի ապահովմանն ուղղված ծրագրերը։ 

Հանրային քննարկումը շարունակվել է նախարարի տեղակալների հետ հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում