Քանդե՞լ, թե՞ պահպանել Բալահովիտի վթարային շենքը. բնակիչները մտահոգություն ունեն, որ նոր տուն չեն ստանա

ՀՀովհաննես Վարդանյան

Բալահովիտի հանրակացարանը թողնել վթարայի՞ն, թե՞ քանդել ու նույն տեղում նորը կառուցել: Այս խնդիրը մոտ 10 օր է` անհանգստացնում է բնակիչներին: Հարցը օրակարգում է, լուծումը` Աբովյան խոշորացված համայնքի ղեկավարության քննարկման տիրույթում: Նոր բազմահարկը նախատեսվում է կառուցել ներդրողների միջոցով:

Գևորգ Հակոբյան (Բալահովիտի վարչական ղեկավար- Մեծ մասը համաձայն է, որ նոր շենք լինի, նոր կառուցապատում լինի, մի մասն էլ ասում է` վերանորոգենք, մի քիչ թող մնա, մեզ համար այսպես նորմալ է, բայց, դե, չի լինի, դուք տեսնում եք, ամեն վայրկյան կարող է մի բան լինել:

Շենքը վթարային չհամարող բնակիչները, սակայն, թերահավատ են: Մտածում են, որ իրենց կխաբեն՝ շենքը կքանդեն ու նորը չեն կառուցի կամ իրենց բնակարան չեն տրամադրի: Նախկին ուսանողական հանրակացարանի մեկսենյականոց բնակարաններում այս պահին ապրում է 30 ընտանիք` մոտ 120 բնակիչ: Միայն չորս ընտանիք ունի սեփականության վկայական:

Որպես լուծում` առաջարկվում է ժամանակավոր լքել բնակարանները և երկու տարի վարձով ապրել: Թեև համայնքային իշխանությունը բնակիչներին վստահեցրել է, որ ծրագրի հաստատման դեպքում վարձավճարների փոխհատուցում կլինի, բայց բնակիչներից շատերը խոստմանը չեն հավատում և խնդրում են` նախևառաջ սեփականության հարցը լուծել: Տեղյակ են Քաղաքացիական օրենսգրքին, որի 187-րդ հոդվածի համաձայն՝ եթե քաղաքացին անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն 10 տարի այն բարեխղճորեն օգտագործում է որպես սեփական գույք, դրա նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք:

Հռիփսիմե Հունանյան (Բալահովիտի բնակիչ- Բնակիչների մտահոգությունն այն է, որ սեփականաշնորհման հարցը լուծվի, որպեսզի նույնիսկ քանդելու դեպքում գոնե մարդիկ համոզված լինեն, որ իրենք ունեն փաստաթուղթ, որի հիման վրա կարող են պահանջներ ներկայացնել:

Ավետիսյան 61-ի բնակիչների այն մասը, որոնք կողմ են քառահարկը քանդելուն, ասում են՝ կոյուղին հին է, բնական գազ չունեն ու շատ հաճախ կենցաղային բազմաթիվ դժվարություններ են ունենում:

Վանիկ Սարգսյան (Բալահովիտի բնակիչ- Պայմաններ չկան, այսինքն` էն զուտ հասարակ գազը չկա, բալոններով հեղուկ գազ ենք օգտագործում, ամեն անգամ տանում, լցնում, ավել դժվարությունը ավել խնդիր է, որ կարելի է ավելի լավ պայմաններում ապրել, եթե կարող է այդպես լինել, թող լինի:

Բալահովիտի վարչական ղեկավարն ասում է՝ իրենք որևէ մտադրություն չունեն համայնքի բնակիչներին առանց տանիքի թողնելու, նաև վստահեցնում՝ ցանկացած որոշում առանց բնակիչների համաձայնության չի լինելու:

Գևորգ Հակոբյան - Ես համարում եմ, որ շատ լավ կլինի, մեր ժողովուրդն է, թող լավ ապրի, ինչի՞ համար, եթե կարելի է լավ բան անել, լավ ապրեն իրենք, ինձ թվում է` բոլորն էլ պետք է համաձայն լինեն: Մենք ոչ մեկին դուրսը չենք թողնելու, նման բան չի լինելու: 

Թե Բալահովիտի հանրակացարանն ինչ ճակատագիր կունենա՝ հայտնի չէ` նախագիծ դեռ չկա: Հայտնի է միայն, որ նոր շինությունն ավելի բարձր է լինելու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում