Երեխաների կրթական ձեռքբերումները ուղիղ համեմատական են ընտանիքի սոցիալական վիճակին. հետազոտություն

ԼԼիլիթ Ասատրյան

Աղքատ խավի երեխաները կրթության ավելի ցածր մակարդակ ունեն, քան բարեկեցիկ ընտանիքներում մեծացողները: Սա «Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան»-ի կատարած հետազոտության արձանագրումներից է.

«2017 թվականի դրությամբ աղքատ է եղել բարձրագույն կրթություն ունեցողների ընդամենը 13.3 տոկոսը: Հիմնական կրթություն ունեցողների շրջանում աղքատության ցուցանիշը եղել է մոտ 32 տոկոս»:

Որպես կանոն՝ երեխաների կրթական ձեռքբերումները ուղիղ համեմատական են նրանց ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակին.

«Օրինակ՝ գերազանց գնահատականներ ստանում է ոչ աղքատ ընտանիքների աշակերտների 42.8 տոկոսը, աղքատության մեջ ապրողների՝ 34.3-ը»:

Ոչ աղքատ ընտանիքները 2-3 անգամ ավելի շատ գումար են ծախսում դպրոցում իրենց երեխաների կրթության վրա, այդ թվում` բուհ ընդունվելու նպատակով կրկնուսույցներ են վարձում:

Գյուղական համայնքներում բնակվող երեխաները նույնպես զրկված են մի շարք հնարավորություններից: Որպես հետևանք՝ քաղաքում ապրողներն ավելի բարձր գնահատականներ են ստանում բնագիտամաթեմատիկական առարկաների քննություններից:

Մեկ այլ խնդիր է կրթության ոլորտում սեռով պայմանավորված խտրականությունը, երբ տղաների ու աղջիկների մեջ սերմանվում են տարբեր արժեքային համակարգեր, կրթական ավելի բարձր նշաձող տղաների համար է սահմանվում:

Անահիտ Գալիկյան («Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» կրթական ծրագրերի համակարգող) - Եթե պետությունը թերանում է որակյալ հասանելի կրթություն տրամադրել բոլորին, դա իրականում, ի վերջո, դառնում է մի մեծ բեռ իր իսկ ուսերին, և այս դեպքում նաև հասարակության ուսերին, որովհետև եթե հասարակության մի մեծ զանգված չի ունենում որակյալ կրթություն, դուրս է գալիս, որ հասարակությունը ստիպված է լինում հոգալ այդ մարդկանց սոցիալական ապահովության հարցերը, առողջապահական և այլ կարիքներ:

«Կրթության ոլորտում սոցիալական արդարության վերականգնումը, կրթության հասանելիության և որակի ապահովումը» թեմայով քննարկումը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մշտադիտարկման շրջանակում էր: Քաղաքացիական հասարակությունը պարբերաբար ներկայացնում է համաձայնագրով նախատեսված տարբեր ոլորտներում կատարված աշխատանքի մշտադիտարկման արդյունքները, տալիս գնահատականներ և առաջարկություններ՝ կառավարությանն ու ԵՄ-ին՝ այդ ոլորտների բարեփոխումների վերաբերյալ: Մշտադիտարկման գործընթացը համակարգել է Բաց hասարակության hիմնադրամներ-Հայաստանը։

Դավիթ Ամիրյան («Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի» ծրագրերի գծով փոխտնօրեն) - Շատ ենք կարևորում, որ արդարության և սոցիալական արդարության գաղափարը դառնա առանցքային, երբ մենք քննարկում ենք ՀՀ հանրակրթության բարեփոխումը: Կարճ ասած` մենք պահանջում ենք, որ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների արդյունքում ստեղծվի որակյալ կրթության հասանելիություն բոլոր երեխաների համար: Դրա հնարավոր իրականացման ճանապարհներն այսօր փորձելու ենք այստեղ քննարկել:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ընդգծեցին՝ կառավարությունը կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրում առաջին անգամ առանց վախենալու մատնանշել է կրթական համակարգի լրջագույն խնդիրները: Նաև հրաժարվել է կրթության մեջ էլիտիստական մոտեցումից: Ոլորտի մասնագետները հույս ունեն, որ ռազմավարություններում ամրագրված գեղեցիկ նպատակները չեն մնա թղթի վրա:

Հեղինակ` Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում