Աննա Հակոբյանը Ֆրանսիայում մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում հունիսի 28-ին ընդունել են Նիցցայի քաղաքապետարանում։ Այստեղ անցկացված հանդիպում-քննարկման ընթացքում քաղաքապետի առաջին տեղակալ Անտոնի Բորրեն նշել է, որ Հայաստանի հետ Նիցցայի ամուր կապը հաստատվել է 1988 թ. երկրաշարժից հետո։ Հետագայում արդեն Նիցցան ու Երևանը հռչակվել են քույր քաղաքներ:

Անտոնի Բորրեն (Նիցցայի քաղաքապետի առաջին տեղակալ) - Նիցցայի հայկական համայնքը մեր պարծանքներից մեկն է, որովհետև հայ բնակիչները, լինելով Ֆրանսիայի լիարժեք և օրինապաշտ քաղաքացիներ, պահպանում են իրենց հայկական արժեքները, արմատները, ինչի վառ ապացույցը Պարսամյան դպրոցն է:

Բորրենը հավելել է, որ իրենք բարձր են գնահատում կոռուպցիայի վերացմանն ուղղված վարչապետ Փաշինյանի ջանքերը, և նրա ընտրվելուց հետո ակներև է Հայաստանում ժողովրդավարության զարգացումը։

Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Սիմյե հիվանդանոցի բժիշկ, պրոֆեսոր Պիեր Մարտինին: Պատմել է, որ 2005-ին Նիցցայի քաղաքապետի գլխավորած պատվիրակության կազմում այցելել է Հայաստան, եղել Գյումրիում, քաղաքային հիվանդանոցներից մեկին բժշկական սարքավորումներ նվիրաբերել։

Վարչապետի տիկինը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շեշտել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն օրինակելի են բոլոր ոլորտներում՝ քաղաքական, դիվանագիտական, կրթական, մշակութային, առողջապահական։

Աննա Հակոբյան (ՀՀ վարչապետի տիկին) - Կարծում եմ՝ Կոդ դ'Ազուրի շրջանի հետ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու մեծ ներուժ կա հատկապես զբոսաշրջային փորձի փոխանակման և նորագույն տեխնոլոգիաների ոլորտում, որոնք Հայաստանում ևս սրընթաց զարգացում են ապրում: Լիահույս եմ, որ Նիցցայի արևասեր բնակիչները նոր փորձառություններ և հարուստ տպավորություններ կունենան Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն ընտրելիս։

Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը այցելել է քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պուրակ։ Նիցցայի քաղաքապետարանը այն առաջիկայում հիմնանորոգելու է։

ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՅՑԸ ՄՈՆԱԿՈ

Հաջորդ կանգառը Մոնակոն էր: Այստեղ Հակոբյանը հանդիպել է «Երեխաներ և ապագա» հիմնադրամի ներկայացուցիչների հետ, ծանոթացել հիմնադրամի գործունեության ուղղություններին: Վարչապետի տիկինն էլ ներկայացրել է իր ստեղծած «Իմ քայլը» և City of Smile հիմնադրամների կատարած աշխատանքները։ Կողմերը համաձայնել են, որ հիմնադրամներն ունեն շատ ընդհանրություններ և հնարավոր է արդյունավետ գործակցել։

Պայմանավորվել են համատեղ ծրագրերի մանրամասները քննարկել հնարավորինս շուտ, իսկ արդեն սեպտեմբերին Երևանում հանդիպել՝ առարկայացնելու դրանք:

Վարչապետի տիկինը Մոնակոյում ծանոթացել է նաև արքայազն Ալբերտ II-ի պատվավոր նախագահությամբ գործող «Երեխաների բարեկամության համաշխարհային ասոցիացիա» հիմնադրամի գործունեության մանրամասներին։

Քննարկել են հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները, պայմանավորվել հստակեցնել Հայաստանում իրականացվելիք ծրագրի դրույթներն ու հնարավորինս արագ կյանքի կոչել դրանք:

Նույն օրը Աննա Հակոբյանը հյուրընկալվել է Մոնակոյի պետական նախարարությունում: Քննարկվել են սոցիալական, առողջապահական ոլորտներում երկու երկրների գործակցությանն առնչվող հարցեր։ Նշվել է, որ դրա նախադեպն արդեն կա։

Հունիսի 28-ի այցելությունները եզրափակվել են Մոնակոյի աշխարհահռչակ Օվկիանոսագիտական թանգարան-ինստիտուտում։

Հունիսի 29-ին Հայաստանի վարչապետի տիկինը այցելել է Նիցցայի Լենվալ մանկական հիվանդանոց։ Այստեղ ևս քննարկվել են համագործակցության հեռանկարները: Հիվանդանոցում պատրաստակամություն են հայտնել ընդունել հայաստանցի գործընկեր բժիշկներին։

Հակոբյանն այնուհետև եղել է Նիցցայի Մասսենա թանգարանում, որը կրում է Նապոելոնի զորահրամանատարներից Անդրե Մասսենայի անունը։ Նրա ժառանգների կառուցած դղյակը նվիրաբերվել էր պետությանը՝ այն թանգարանի վերածելու պայմանով:

Վարչապետի տիկինը շրջայց է կատարել նաև Նիցցայի հին քաղաքում, եղել Շատո դը Նիսում՝ քաղաքի հիմնադրման վայրում:

Աննա Հակոբյանի քառօրյա այցը Ֆրանսիա և Մոնակո ավարտվել է:

Հեղինակ` Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում