Գետառի ջուրը կմաքրվի. ծրագիրը կարժենա 126 միլիոն դրամ

ԱԱրսեն Մկրտչյան

Հրազդան գետը թափվող Գետառի ջուրը կմաքրվի: Երևանի քաղաքապետարանն ու շրջակա միջավայրի նախարարությունը մշակել են Գետառի վրա ջրերի մաքրման կայանի կառուցման բնապահպանական ծրագիրը:

Գևորգ Նազարյան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ) - Գետառն իրենից ներկայացնում է կոյուղատար գետ: Դրանով հոսում են կոյուղաջրեր, և շատ մեծ գարշահոտություն է առկա նաև, նաև մեծ թափոններ են լցվում գետի մեջ շրջակա բնակելի տներից:

Կայանը կկառուցվի Շենգավիթ վարչական շրջանում՝ Գետառի ու Հրազդանի միախառնման կետում: Ջրի մաքրումը կիրականացվի երկու բաղադրիչով:

Գևորգ Նազարյան - Մեխանիկական մաքրում՝ կոշտ կենցաղային թափոնների և այլն, և երկրորդ հատվածը պետք է լինի օդավորման համակարգը, այսինքն՝ սա արդեն ջրի որակը բարձրացնելուն ուղղված հատվածն է:

Տեղանքում ապրողները կեղտաջրերի մաքրման լոկալ կայանի վերաբերյալ տեսախցիկի առաջ չեն խոսում, սակայն նշում են՝ եթե այն օգնի վերացնել գետի գարշահոտությունը և մաքրել ջուրը, ապա կողմ են ծրագրին: Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետն էլ ընդգծում է՝ կայանի կառուցմամբ ոչ միայն կմաքրվի Հրազդան գետի աղտոտման ամենամեծ աղբյուր Գետառը, այլև կապահովվի Հրազդանի հետագա հոսքի բարձր որակը:

Գևորգ Նազարյան - Երևանյան լճի ջրի որակն է բարելավվում, Երևանյան լճից ոռոգման նպատակով հոսող ստորին հոսանքում գտնվող համայնքներին մատակարարվող ջրի որակն է բարելավվում, ինչը նաև գյուղատնտեսության վրա է դրական ազդեցություն ունենում:

Նախնական հաշվարկով՝ ծրագիրը կարժենա մոտ 126 մլն դրամ, այն կիրականացվի Երևանում գանձված բնապահպանական վճարների հաշվին: Կայանի կառուցման նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են, բնապահպանական ծրագիրը կիրականացվի 2023 թվականին:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում