Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստը, որը վարել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Նիստին մասնակցում էին հոգաբարձուների խորհրդի 22 անդամները, որից 4-ը՝ հեռավար:
Նիստը մեկնարկել է Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օրհնությունից հետո:
Համաձայն օրակարգի, նիստի ընթացքում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2021 թվականին գործունեության մասին գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի տարեկան հաշվետվության լսումը, որի ընթացքում ներկայացվեցին Արցախի և Հայաստանի մի շարք համայնքների առողջապահական, սոցիալական, կրթական, բնակարանաշինության, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված լայնածավալ ծրագրերը:
Հաստատվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2021 թվականի տարեկան ֆինանսական և 2021թ. գործունեության տարեկան հաշվետվությունը:
Քննարկվեց Հիմնադրամի նոր խմբագրությամբ կանոնադրության նախագիծը, որոշվեց լրամշակելու նպատակով ստանալ և ամփոփել առաջարկությունները և նախագիծը ներկայացնել խորհրդի հաստատմանը առաջիկա նիստի ընթացքում։ Նաև քննարկվեցին Հիմնադրամի հետագա անելիքները:
«Հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստն անցավ կառուցողական մթնոլորտում: Եղան բազմաթիվ հարցադրումներ, որոնց տրվեցին հստակ և սպառիչ պատասխաններ, բոլոր որոշումներն ընդունվեցին միաձայն»,–նշեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նիստի ավարտից հետո:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց հարյուր հազարավոր նվիրատուներին, որոնք իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել այս լուրջ մարտահրավերների ժամանակաշրջանում հայրենիքի զորացման գործում:










