Շատ հուզված եմ, որ Հայաստանում եմ՝ Շառլ Ազնավուրի հայրենիքում. Զազ

ԼԼիլիթ Ասատրյան

Ֆրանսիացի փոփ երգչուհի ZAZ-ը, ում համեմատում են Էդիտ Պիաֆի հետ, Երևանում է։ Մեկնարկում է նորաստեղծ «ՀԱՅԱ» երաժշտական փառատոնը, որի ընթացքում համաշխարհային աստղերը ելույթ կունենան հայ հանդիսատեսի համար։ Երևանում Զազի առաջին մենահամերգը կլինի հունիսի 25-ին։

Զազ (երգչուհի) - Շատ հուզված եմ, որ գտնվում եմ Հայաստանում, քանի որ սա Շառլ Ազնավուրի հայրենիքն է։ Այստեղ գտնվելը շատ լավ է, բայց նաև շատ պատասխանատու։

Զազը հայ հանդիսատեսի համար ելույթ է ունեցել նաև 2018 թվականին։ Այն ժամանակ հեռանալիս շատ էր հուզվել։ Կարծում է, որ հունիսի 25-ին հանդիսատեսը կլիցքավորվի իր էներգիայով։

Զազ - Իմ ձայնի մեջ կա ինչ-որ մի բան, որ հիշեցնում է հին ֆրանսիական երգերը, և նոր բան։ Այդ խառնուրդն էլ դուր է գալիս մարդկանց։

Զազի համերգը կանցկացվի Երևանի «Հրազդան» մարզադաշտում, որը փառատոնի համար բարեկարգվել է, պատրաստ է ընդունել համաշխարհային աստղերի։

Սոնա Հովհաննիսյան («ՀԱՅԱ» փառատոնի հիմնադիր) - Ստադիոնի մի մասն ենք օգտագործում։ Մյուս համերգներին, կարծում եմ՝ կհասնենք տրիբունաներին, ամբողջությամբ կօգտագործենք։ Սա մեր քաղաքի միակ վայրն է, որտեղ այսքան քանակով՝ 54.000 աթոռ, նաև դաշտը (դա կարող է 70.000 հոգի լինել), կարող են համերգ լսել։

Համերգի բացումը կանեն «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը, հայ երաժիշտ Պարգը։ Հրավիրվել է դուդուկահար Կամո Սեյրանյանը։ Զազի ցանկությամբ երեկոյի ընթացքում կհնչի իր սիրելի հայկական դուդուկը։ Սոնա Հովհաննիսյանի խոսքով՝ փառատոնի շնորհիվ Հայաստանն աշխարհին ճանաչելի կդառնա որպես մշակութային կենտրոն։

Սոնա Հովհաննիսյան - «ՀԱՅԱ»-ն ունի բացօթյա համերգների հնարավորություն ամռան ու աշնան ամիսներին, երբ տաք է։ Երեք համերգով անցում կկատարենք աշուն։ Աշնանը կլինեն մեկ-երկու համերգներ շատ մեծ աստղերի, որոնց համար Հայաստանը կդառնա տուրիստական ամենաակտիվ վայրերից մեկը։

Նշում է, որ համերգին մասնակցելու համար հյուրեր կան Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից։ Հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում կկազմակերպվի ռեփեր 50 Cent-ի համերգը, հուլիսի 9-ին՝ Led Zeppelin Symphonic-ի։ Փառատոնի հիմնադիրը դեռ չի նշում, թե որ աստղերը կժամանեն Հայաստան սեպտեմբերին։ Նրանց անունները կհրապարակվեն շուտով։

Հեղինակ` Անի Ավագյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում