2022-ին ծնված 3-րդ և հաջորդ երեխայի համար արդեն աջակցություն է տրամադրվել 3300 ընտանիքի

ՌՌոզա Խաչատրյան

Գայանեն ծնվել է մի քանի ամիս առաջ: Իր ծնունդով էլ ընտանիքին դարձրել պետական աջակցության նոր ծրագրի շահառու: Մինչև Գայանեի 6 տարեկան դառնալը ամեն ամիս ընտանիքը կստանա 50 000 դրամ:

Անուշ Գևորգյան (ծրագրի շահառու) - Շատ ուրախ էինք, որ իմացանք՝ սենց աջակցություն կա պետության կողմից: Արդեն հղի էի, որ իմացա: Իհարկե, շատ պետք ա: Մանկական պարագաների գներն աճել են, դրա համար այս աջակցությունը, կարելի է ասել, այս պահին շատ տեղին է:

Հեռավոր Սանկտ Պետերբուրգից եկավ Երևան հարս 2017-ին: Ու արդեն 3 աղջկա մայր է: Ճիշտ ժամանակին որոշեցին հաստատվել հայրենիքում ու չեն փոշմանել, հատկապես որ պետությունը հիմա երիտասարդ ընտանիքներին օգնում է տարբեր ծրագրերով:

Նարեկ Գասպարյան (ծրագրի շահառու) - Շատ լավ միտք է, որ բազմազավակ ընտանիքներին աջակցում են գումարային առումով: Իհարկե, շատ է օգուտ տալիս: Երեխու մինիմալ ծախսեր, պամպերսը, շորիկները գնում ես պետության փողով:

Ասում են՝ դիմելու կարգն էլ դժվար չէր: Անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելուց հետո արդեն 2-րդ ամիսն է՝ ստանում են նպաստը:

Նարեկ Գասպարյան - Հեռուստատեսությունով ասացին, լսեցինք, երեխան ծնվել էր, գնացինք սոցապ, ասացին՝ ինչ դոկումենտներ է պետք, տվեցինք, ու վերջ. շատ հեշտ էր:

Դիմումները կարելի է ներկայացնել առցանց՝ socservise.am կայքի միջոցով կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ փաստաթղթերը ներկայացնելով: Ծրագիրը մեկնարկել է այս տարվա սկզբին, աջակցությունը տրամադրվում է 2022-ի հունվարի 1-ից հետո ծնված ամեն երրորդ կամ հաջորդ երեխայի համար:

Դավիթ Խաչատրյան (ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ) - Այսօրվա դրությամբ շուրջ 3300 երեխայի համար նշանակվել է այդ աջակցությունը ամսական՝ մինչև 6 տարին լրանալը:

Ընտանիքները, որոնք ունեին մեկ երեխա, և ծնվել է զույգ, այսինքն՝ երեխաների ընդհանուր թիվը դարձել է 3, երկու երեխայի մասով էլ նշանակվում է նպաստ՝ 100 հազար դրամ: Այդպիսի շուրջ 70 ընտանիք կա:

Դավիթ Խաչատրյան - Եթե ընտանիքը դեռևս չունի երեխա, և ծնվում է եռյակ, բոլոր երեքին նշանակվում է այդ աջակցությունը մինչև 6 տարին լրանալը: Տվյալ դեպքում 150 հազար դրամ կլինի:

Բնակչության թվի կայուն պահպանման կամ աճի համար ծնելիության գործակիցը պետք է լինի առնվազն 2.11, հիմա այն մոտ 1.6 է: Այսինքն՝ ամեն ընտանիքում ծնվում է շուրջ 1.6 երեխա: Աջակցության այս ծրագրի նպատակը ծնելիության աճն ու բազմազավակությունը խթանելն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում