Ուսուցչի դրույքաչափը կկրճատվի, դասարանները կփոքրանան. փոփոխությունները կներդրվեն աստիճանաբար

ԼԼիլիթ Ասատրյան

Ուսուցչի շաբաթական դրույքաչափը, որ 22 դասաժամ է, նոր չափորոշիչներով կկրճատվի: Տարրական դասարաններում դասավանդողներինը կդառնա 18, միջին և ավագ դասարաններում՝ 20:

Ներկայիս դրույքաչափից ուսուցիչները մշտապես դժգոհել են՝ պնդելով, որ այդ ծանրաբեռնվածությունը հնարավորություն չի տալիս ժամանակ հատկացնել մասնագիտական աճին, ապահովել ուսուցման բարձր որակ:

Ժաննա Անդրեասյան (կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) - Սա հնարավորություն կտա, որ ուսուցիչներն ունենան ավելի շատ ժամանակ, օրինակ՝ տարրական դասարանում ոչ միավորային գնահատումը իրականացնելու համար, որովհետև նոր չափորոշչով մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակը միավորային գնահատում չի իրականացվելու, և ուսուցչին պետք է հավելյալ ժամանակ՝ բնութագրերը կազմելու, երեխաների որակական գնահատումն իրականացնելու համար: Ընդհանուր առմամբ` դրանով իսկ մենք կնպաստենք, որպեսզի ուսուցիչը կարողանա ավելի արդյունավետ բաշխել իր ժամանակը:

Վերանայվում է նաև ուսուցչի աշխատաժամանակի կառուցվածքը: Փորձ է արվում հնարավորինս ազատել նրան ավելորդ թղթաբանական գործառույթներից, թողնել ավելի շատ ժամանակ՝ բուն ուսուցչական գործունեությամբ զբաղվելու համար:

Դրույքաչափի նվազեցումը մեխանիկորեն հանգեցնելու է նաև աշխատավարձի որոշակի բարձրացման: Օրինակ, եթե հիմա շաբաթական 18 ժամ դասավանդող ուսուցիչը չի համարվում մեկ դրույքով աշխատող և չի ստանում մեկ դրույքի աշխատավարձ, փոփոխությունից հետո կստանա: Կամ այսօր մեկ դրույքով աշխատող ուսուցիչը կդառնա դրույքից ավելի դասաժամ ունեցող և վարձատրությունն էլ կլինի ըստ այդմ:

Դասարանների մեծ խտությունը ևս մշտապես դժգոհություն է առաջացրել թե ծնողների, թե ուսուցիչների շրջանում` այն իմաստով, որ նման պայմաններում աշխատանքի որակ ապահովելը իրատեսական չէ: Հիմա նախատեսվում է կրճատել դասարանների խտությունը: Բայց առանց շտապելու: Կանխատեսվում է, որ դա առավելություններից բացի, խնդիրներ է առաջացնելու: Դասարանների կազմավորման գործող կարգում հակասություններ կային:

Տարրական և միջին դասարաններում աշակերտների առավելագույն թիվը պետք է լինի 25, ավագ դասարաններում՝ 20: Բայց նույն կարգի մեկ այլ կետով ավագ դասարաններում աշակերտների առավելագույն թիվ սահմանվում էր 30-ը, մյուս դասարաններում՝ 35-ը:

Ու դպրոցներում, որպես կանոն, ձևավորվել են հնարավորինս խիտ դասարաններ: Կրթությունն այդպես պակաս ծախսատար է: Հիմա կարգը հստակեցվել է, և հիմք կընդունվեն քաղաքաշինական նորմերը: Բայց դասարաններում աշակերտների թվի նվազեցումը նշանակում է, որ կարիք է լինելու նոր դասարաններ բացելու և հավելյալ ուսուցիչներ ներգրավելու, ինչը բարդ խնդիր է:

Ժաննա Անդրեասյան - Հետևաբար մենք փոփոխությունը կիրականացնենք, բայց մեզ տանք ժամանակ: Փոփոխությունն իրականացնելու համար նախապատրաստենք համակարգը` թե՛ ֆիզիկական ենթակառուցվածքի իմաստով, թե՛ ուսուցիչների առկայության:

Նոր չափորոշիչներն ամբողջությամբ կներդրվեն մինչև 2026 թվականը: Դասարանների խտության փոփոխությունն էլ կարվի այդ ժամկետում:

Հեղինակ` Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում