Լիտվայի իշխանություններն արգելել են Ռուսաստանից Կալինինգրադի մարզ ապրանքների տարանցումը

ԴԴիանա Գասպարյան

ԼԻՏՎԱՆ ԱՐԳԵԼԵԼ Է ՌԴ-ԻՑ ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԱՐԱՆՑՈՒՄԸ

Լիտվայի իշխանությունները Եվրահանձնաժողովի հետ խորհրդակցելուց հետո արգելել են Ռուսաստանից Կալինինգրադի մարզ ապրանքների տարանցումը՝ հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարը:

«Հունիսի 17-ից հակառուսական պատժամիջոցների պատճառով որոշ ապրանքներ այլևս չեն կարող տեղափոխվել Լիտվայի տարածքով»,- ընդգծել է Գաբրիելիուս Լանդսբերգիսը:

Դմիտրի Պեսկովը նշել է, որ Վիլնյուսի որոշումն աննախադեպ է:

«Մոսկվան հասկանում է, որ դա կապված է ԵՄ-ի պատժամիջոցների հետ, ինչն անօրինական է։ Իրավիճակն ավելի քան լուրջ է, որևէ միջոց կիրառելուց առաջ շատ խոր վերլուծություն է հարկավոր. այն կիրականացվի առաջիկա օրերի ընթացքում»,- զգուշացրել է Կրեմլի խոսնակը։

Ստեղծված իրավիճակի ֆոնին Ռուսաստանում Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վիրջինիա Ումբրասենը կանչվել է ՌԴ ԱԳՆ. նրան բողոքի նոտա են հանձնել։

«Եթե մոտ ապագայում բեռնափոխադրումն ամբողջությամբ չվերականգնվի, Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու երկրի ազգային շահերը»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Նախնական գնահատականով՝ արգելվել է Կալինինգրադի և ռուսական այլ շրջանների միջև փոխադրվող ապրանքների 40-50%-ի տեղափոխումը, մասնավորապես՝ ցեմենտ, մետաղներ և շինարարական այլ ապրանքներ:

Կալինինգրադի մարզի ղեկավարը տեղեկացրել է, որ դիտարկվում է Բալթյան ծովում ազատ նավերը Ուստ-Լուգա-Բալտիյսկ գիծ ուղարկելու հնարավորությունը՝ տարածաշրջանի տնտեսական ակտիվությունն ապահովելու համար։

ԱՎԵԼԻ ՔԱՆ 5 ՄԼՆ ՄԱՐԴ ԼՔԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՏԱՐԱԾՔԸ. ԶԵԼԵՆՍԿԻ

Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների 117-րդ օրն է. մինչ օրս Ուկրաինայի տարածքը լքել է ավելի քան 5 միլիոն մարդ՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նախագահն անդրադարձել է նաև Կիևի և Մոսկվայի երկխոսության վերսկսման հնարավորությանը:

«Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելու համար մեզ անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ, կարծում ենք՝ Իտալիան պետք է լինի երաշխավորների ցանկում: Շնորհակալ ենք Հռոմին աջակցության համար»,- նշել է երկրի ղեկավարը, խնդրել շարունակել Կիևին ռազմական աջակցությունը։

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼՈՒ ԿԻԵՎԻ ՈՃԸ ԼԱՎ ԲԱՆԻ ՉԻ ԲԵՐԵԼ. ՊԵՍԿՈՎ

Բանակցություններ վարելու Ուկրաինայի ոճը ոչ մի լավ բանի չի բերել. այսպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի խոսնակը ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիայի հայտարարությունն այն մասին, որ Կիևը պատրաստ է վերսկսել բանակցային գործընթացը օգոստոսին, երբ ուկրաինական զորքերն անցնեն հակահարձակման և ամրապնդեն իրենց դիրքերը ռազմաճակատում:

Պեսկովը նշել է նաև, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը ՀԱՊԿ ուժերի ներգրավման հարցը Կրեմլը չի դիտարկում:

«ՀԱՊԿ-ի զարգացումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. կազմակերպությունը ոչ հեռավոր անցյալում ցուցադրել է իր արդյունավետությունն ու արդիականությունը»,- համոզմունք է հայտնել խոսնակը։

ՄԵՏԵԼԿԻՆՈՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ՉԷ. ԳԱՅԴԱՅ

Սևերոդոնեցկի հարավարևելյան սահմանի մոտ գտնվող Մետելկինո բնակավայրն արդեն Ուկրաինայի Զինված ուժերի վերահսկողության ներքո չէ՝ հայտարարել է Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը շարունակում է տեղաշարժել պաշտպանական գծերը, գրոհել արդյունաբերական գոտին ու քաղաքի շրջակայքը. կատաղի մարտերը շարունակվում են:

Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Սևերոդոնեցկի համար ճակատամարտում որոշվում է Դոնբասի ճակատագիրը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում