ԱԱրևիկ Աբելյան

Անձի առևանգում՝ պարտքի դիմաց. ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

Անձի առևանգում՝ պարտքի դիմաց. ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 17-ին Արմավիրի մարզի Չոբանքարա կոչվող տարածքի մի առանձնատնից, անձի առևանգման, շորթման, ավտոմեքենայի առևանգման և ապօրինի զենք-զինամթերք պահելու ու կրելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 30 և 32 տարեկան երկու երիտասարդի՝ «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենայով հանդերձ:

Պարզվել է, որ նրանք իրենց 33-ամյա ընկերոջ հետ հունիսի 16-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, 300.000 դրամ պարտքի համար խաբեությամբ առևանգել են պարտատիրոջ 44-ամյա ազգականին և տեղափոխելով Չոբանքարա տարածքի առանձնատուն՝ բռնություն են գործադրել նրա նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, հունիսի 17-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, իրենց ենթադրյալ իրավունքներն իրացնելով, պարտատիրոջ տան մոտից առևանգել են նրա ընկերոջ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, որը հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Բերման ենթարկված 30-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ պայուսակից հայտնաբերվել են նռնակ՝ պայթուցիչով և փոքր կացին: Բերման ենթարկվածները ձերբակալվել են: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում