Հալեպի պետական համալսարանում հայ մշակույթին նվիրված միջոցառումներ են անցկացվում

ՄՄարիա Գաբրիելյան

Հալէպի պետական համալսարանի նախագահ Մահէր Քարմանի գլխաւորութեամբ, Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Տէր Մասիս Եպս. Զօպուեանի ու ազգային իշխանութեան ներկայացուցիչներու մասնակցութեամբ և Քրիստափոր Ուսանողական Միութեան կազմակերպութեամբ` Հալէպի պետական համալսարանէն ներս մեկնարկը կատարուեցաւ «Հայ Մշակոյթի Շաբթուան»: Ձեռնարկներու շարքը ընդգրկեց հայկական ազգային արժէքներու նուիրուած ցուցահանդէս, դասախօսական շարք և մշակութային փառատօն:

Մահեր Կարման (Հալեպի պետական համալսարանի նախագահ) - Հայկական քաղաքակրթութիւնը աշխարհի հնագոյններէն մէկն է: Յուսամ, որ հայերի համագործակցութիւնը պետական համալսարանին հետ շարունակական կ՛ըլլայ: Սուրիահայերը մեր եղբայրներն են, անոնց հայրենասիրութիւնն ապացուցուեցաւ Սուրիոյ պատերազմի առաջին իսկ օրէն: Ես այցելած եմ Հայաստան և բնաւ օտար չեմ զգացած, հակառակը, տպավորութիւն ստացայ, թէ Հալեպի հայաբնակ շրջաններում եմ:

Ցուցահանդէսին բովանդակութեան մասին բացատրութիւններ փոխանցեց կազմակերպող կողմէն Մարի Փանոսեանը, ընդգծելով, որ ջանացած են ներկայացնել հայկական ազգային համարեա՛ բոլոր արժէքներէն պատառիկներ ինչպէս հայ լեզուի, գիրի ու գրականութեան, ազգագրութեան, երաժշտութեան, ձեռարուեստի, գորգագործութեան և այլ բնագաւառներէն նմոյշներ:

Մուրատ Քընչո (Հալեպի պետական իրավաբանական համալսարանի դասախոս) - Սուրիան իր մշակոյթով ու քաղաքակրթութեամբ կը ներկայացնէ շարք մը մշակոյթների ամբողջութիւն: Ադ իմաստով այս ցուցահանդէսի կազմակերպումը շատ կարևոր էր, որպէսզի ժողովուրդը վերյիշի դա:

Դասախօսութիւններու շարքը ընդգրկեց «Հայկական մշակոյթի պատմութիւնն ու գանձերը» և «Հալէպի պատմութիւնը հայերու հիւսուածքով» նիւթերը:

Բասել Ալի Ալ Զիդան (Հալեպի պետական համալսարանի «Բաաս» կուսակցության ուսանողական միության ներկայացուցիչ) - Հայ մշակոյթի շաբթուայ միջոցառումների ընթացքում կը ծանօթանանք մեր եղբայր հայերի մշակոյթի բոլոր ուղղութիւններուն: Ատիկա մեծ արժէք կ՛աւելացնէ մեր աշխատանքներին և կը նպաստէ Սուրիայի տարբեր ժողովուրդներու միջև համախմբուածութեան ամրացմանը:

Հայկական մշակոյթին նուիրուած շաբթուան վերջին ձեռնարկը հայ երգի և երաժշտութեան փառատօնն էր, որուն ներկայ գտնուեցան մեծաթիւ ուսանողներ:

Ֆարուկ Հատատ («Բաաս» կուսակցության՝ Հալեպի պետական համալսարանի ղեկավար մարմնի անդամ, երիտասարդական գրասենյակի նախագահ) - Համալսարանի ուսանողները նմանօրինակ միջոցառումների ընթացքին նոյնիսկ կը սորվին հայ ժողովուրդի մշակոյթի ներկայացուցիչներու անուններ: Օրինակ՝ լաւ կը ճանչնան հանրայայտ երաժիշտ Արամ Խաչատրեանը, որու անունով է կը կոչուի Հալէպի փողոցներէն մէկը:

Չորս ձեռնարկներն ալ մեծ ընդունելութիւն գտան և բարձր գնահատուեցան արաբ մասնակիցներուն կողմէ:

Անժելա Չաղլասյան (կազմակերպող մարմնի անդամ) - Այս միջոցառումի նպատակը եղած է արաբ ժողովուրդին ծանօթացնել հայկական մշակոյթը և անոր պատմութիւնը, յատկապէս համալսարանական շրջանակներու մէջ:

Սուրիոյ արաբ ժողովուրդը դրուատիքով կ՛արտայայտուի հայրենիքէն հեռու ապրող սուրիահայութեան մասին, որ հարիւր ամեակէ մը աւելի օտար ափերու մէջ ապրելով հանդերձ յաջողած է իր սեփական լեզուն, մշակոյթը, բարքերն ու սովորութիւնները այսքան հարազատութեամբ անաղարտ պահել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում