ԱՄՆ-ն Կիևին հավելյալ 225 մլն դոլարի մարդասիրական և 1 մլրդ դոլարի ռազմական աջակցություն կտրամադրի

ԴԴիանա Գասպարյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնական այցով ժամանել են Կիև։

Լրատվամիջոցների տվյալով՝ նրանք պատրաստվում են հանդիպել Վոլոդիմիր Զելենսկու հետ․ քննարկման հիմնական թեման լինելու է ԵՄ-ին Կիևի հնարավոր անդամակցությունը։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Վիկտոր Անդրուսիվը հայտնել է, որ երեք երկրի առաջնորդները խնդրելու են պաշտոնական Կիևին վերադառնալ Մոսկվայի հետ բանակցությունների սեղանի շուրջ։

ԶԵԼԵՆՍԿԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է G7-Ի ԵՎ ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀՐԱՎԵՐՆԵՐԸ

Վոլոդիմիր Զելենսկին ընդունել է Գերմանիայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին և Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերները։ Ուկրաինայի նախագահը, սակայն, չի մանրամասնել՝ անձա՞մբ կմասնակցի գագաթնաժողովներին, թե՞ քննարկումներին կմիանա տեսակոնֆերանսի ձևաչափով։


ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՈԲԻԼԻԶԱՑՐԵԼ Է 1 ՄԼՆ ՄԱՐԴՈՒ. ԱՐԱԽԱՄԻԱ

Դոնբասում օրական զոհվում և վիրավորումներ է ստանում մինչև 1000 զինվորական՝ լրատվամիջոցների փոխանցմամբ հայտարարել է ուկրաինական իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավարը։

«Օրական միջինը զոհվում է 200-500 մարդ»,- մանրամասնել է Դավիթ Արախամիան։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները մոբիլիզացրել են 1 միլիոն մարդու և կարող են հավաքագրել ևս 2 միլիոնի։ Արախամիայի համոզմամբ՝ Կիևի գլխավոր խնդիրը զենքի բացակայությունն է։

ԱՄՆ-Ը ԿԻԵՎԻՆ 5.6 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ Է ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ

Ջո Բայդենը հայտնել է Կիևին հավելյալ 225 միլիոն դոլարի մարդասիրական և 1 միլիարդ դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին․ այն ներառում է հրետանային սպառազինություն և առափնյա պաշտպանության և ժամանակակից հրթիռային համակարգեր։

ԱՄՆ զինված ուժերի շտաբից տեղեկացրել են, որ ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը Ուկրաինայում կլինեն մինչև հունիսի վերջը, Գերմանիան էլ Կիևին 3 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ կտրամադրի։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով՝ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Վաշինգտոնը Կիևին ընդհանուր առմամբ 5,6 միլիարդ դոլարի սպառազինություն է մատակարարել։


ՆՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԱՏՕ-ԻՆ, ՍՏՈԿՀՈԼՄԻՆ ԵՎ ՀԵԼՍԻՆԿԻԻՆ

Թուրքիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ այսպես կոչված «հացահատիկային միջանցքի» ստեղծման մեխանիզմի հարցը կարող է քննարկվել Ստամբուլում՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, եթե Մոսկվան տա իր համաձայնությունը։

«Ռուսաստանը մտահոգություն է հայտնում, որ նավահանգիստների ականազերծումից հետո ծովային ճանապարհներով զենք կտեղափոխվի Ուկրաինա։ Ջրային միջանցքի նախագծով առաջարկվում է ստեղծել անվտանգության ականազերծ տարածքներ և դրանց նկատմամբ վերահսկողության հաստատել»,- նշել է Մևլութ Չավուշօղլուն։

Դիվանագետը հայտարարել է նաև, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում այդ երկրների պատասխանը Անկարայի մտահոգություններին չի համապատասխանում թուրքական կողմի ակնկալիքներին։

«Այժմ նոր պահանջներ ենք ուղարկել ՆԱՏՕ-ին և Ստոկհոլմին ու Հելսինկիին, սպասում ենք պատասխանի: Եթե բանակցություններ՝ ապա միայն մեր փաստաթղթերի հիման վրա»,- ընդգծել է նախարարը։

Ռեջեփ Էրդողանը բազմիցս զգուշացրել է՝ Անկարայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցելու հարցում չի փոխվի, քանի դեռ նրանք չեն վերանայել իրենց վերաբերմունքը ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ։


ՆԱՏՕ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ. ՍՄԻԹ

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Ջուլիաննա Սմիթը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը հնարավոր կլինի լուծել «ոչ հեռավոր ապագայում»։

«Գրեթե ամեն օր քննարկումներ ենք անցկացնում մեր թուրք գործընկերների հետ։ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները հանդես են գալիս բաց դռների քաղաքականության օգտին»,- ընդգծել է նա։

Սմիթը նաև հայտարարել է, որ արևմտյան երկրները դժվարությունների են բախվում Կիևին զենք տրամադրելու գործընթացում, քանի որ Ուկրաինան գրեթե ամեն օր պահանջներ է ներկայացնում, որոշ պետություններ մոտ ապագայում կարող են սպառել իրենց պաշարները:

«Շատ երկրներ մտածում են ռազմականից անցնել ֆինանսական աջակցության»,- հավելել է պաշտոնյան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում