Վրաստանում տարանցիկ ճանապարհներից օգտվելու վճարը բեռնատարների համար կբարձրանա

ԼԼիլիթ Ասատրյան

Վրաստանում տարանցիկ ճանապարհներից օգտվելու վճարը բեռնատարների համար կբարձրանա 75 տոկոսով՝ 200 լարիից հասնելով 350 լարիի։ Որոշումը հաստատել է Վրաստանի կառավարությունը: Նոր սակագինը ուժի մեջ կմտնի այս տարվա հունիսի 20-ից։

Միքայել Կարապետյան (բեռնափոխադրող ընկերության տնօրեն) - Հայաստանում, եթե չեմ սխալվում, կա 2 հազարից ավելի գրանցված մեծ բեռնատար ընկերություն, և եթե միջինում հաշվենք, ամսական 2 անգամ նրանք Ռուսաստան բեռնափոխադրում են կատարում, կլինի մոտ 4 հազար անգամ, երկկողմանի՝ 8 հազար անգամ կհատեն Վրաստանի պետական սահմանը:

Այս տարվա եռամսյակում տարանցիկ ճանապարհով փոխադրումներից Վրաստանի բյուջե է մտել ավելի քան 23 միլիոն լարի։ Ըստ կանխատեսումների՝ հաջորդ տարվա ընդհանուր եկամուտը կգերազանցի 130 միլիոն լարին։

Շիրակ Թորոսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Վրաստանն, ըստ երևույթին, քանի որ շահագործվում են նրա տարածքը և ճանապարհները, մի կողմից` նպաստավոր պայմաններ են ավելացնելու համար, մյուս կողմից` բնականաբար, ճանապարհների որակը երաշխավորելու համար, որովհետև այդքան ծավալի բեռնափոխադրումները վատ ճանապարհներով ակնհայտորեն նպատակահարմար չէ նաև մեզ համար:

Այս որոշումը վերաբերելու է բոլոր տարանցիկ երկրներին, սակայն ավելի մեծ չափով` Թուրքիային և Ադրբեջանին: Իհարկե, սա որոշակիորեն կնպաստի նաև ներմուծվող և արտահանվող ապրանքների թանկացմանը, կարծում է Շիրակ Թորոսյանը:

Շիրակ Թորոսյան - Գումարի չափը մեծ չէ, էական վնաս չի հասցնի, այդ գումարի ավելացումը կնպաստի Վրաստանի ավտոճանապարհների որակի ապահովմանը, որը մեզ համար կլինի նպաստավոր: Կրկնեմ` շատ ցանկալի էր, որ չբարձրացնեին գները, բայց դրա համար Վրաստանն ունի իր հիմնավորումները:

Բեռնափոխադրողները նույնպես կարծում են, որ որոշակի գնաճից անհնար կլինի խուսափել. Վրաստանում բարձրացել են նաև կայանատեղիների վճարները՝ 30-ից դառնալով 80 լարի:

Միքայել Կարապետյան - Գլոբալ առումով դա կկազմի 3-5 տոկոս: Այն այդքան մեծ չէ բեռնափոխադրման արժեքի վրա, բայց, բնականաբար, եթե հավելենք նաև վերջին ժամանակահատվածում առկա խնդիրները և թանկացումները, սպասվում են որոշակի թանկացումներ, դա կարող է մինչև 20 տոկոսի հասնել:

Շիրակ Թորոսյանն անդրադարձավ նաև դեպի ծով ելք չունեցող երկրներին տարանցման անվճար հնարավորություն տալու կոնվենցիային, որը, սակայն, այս դեպքին չի վերաբերում:

Շիրակ Թորոսյան - Այդ կոնվենցիան չի նախատեսում, որ տարանցող երկիրը չի կարող սահմանել տարանցման վճար, հետևաբար տարանցող երկիրը կարող է սահմանել և ինքը որոշել այդ տարանցման վճարի չափը: Եվ ավելին ասեմ՝ այդ կոնվենցիայի դրույթներն իրենք իմպերատիվ չեն, և կան անգամ երկրներ, որոնք ուղղակի չեն էլ տրամադրում ծովային ելք և ենթարկում են բլոկադայի, շրջափակման:

Եթե 2024 թվականին արդեն կառուցված լինի Լարս տանող թունելը, բեռնափոխադրողները այս դեպքում արդարացված են համարում տարանցման գումարի ավելացումը:

Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում