Նորակառույց՝ երկու բազմահարկի արանքում. բնակիչները բողոքում են, կառուցապատողը՝ հակադարձում

ՀՀովհաննես Վարդանյան

Նորակառույց՝ երկու բազմահարկի արանքում: Կառուցմանը դեմ են Նորաշեն 4 և Մազմանյան 5/9 շենքերի բնակիչները. ըստ նրանց՝ կիսակառույցի լրացվող հիմքերը թուլացնում են իրենց շենքերն ու փակում տեսադաշտը:

Զարինե Ալեքսանյան (Նորաշեն 4-ի բնակիչ) - Եթե շենքը կառուցվի, ունենում ենք լուսավորության լուրջ խնդիր, հատկապես որ արևկող բնակարանները, որոնք մի քիչ լուսավորվում են էս կողմից, լրիվ փակվում ա էդ սենյակները: 

Անուշ Ավանեսյան (Մազմանյան 5/9-ի բնակիչ) - Երևի էդ փոսը քանդելուց ինչ-որ նստվածք ա առաջացել, ճաք ա տվել պատը: Հիմա ա՛յ էս փոսը, որ արել են, չգիտեմ՝ ինչքան ժամանակում կվերացնեն, վախենալով ենք ապրում:

Խոսքը Աջափնյակ վարչական շրջանում 16-րդ թաղամասի՝ Սովետական Միության ժամանակ նախագծված СССР շենքերի մասին է: 936 քմ տարածքը գնած Արմեն Ավթանդիլյանը փորձում է 30 տարվա կիսակառույցի շինարարությունն ավարտին հասցնել:

Գարիկ Համբարձումյան («Առաննա» շինընկերության տնօրեն) - Ստեղ խնդիր ունեինք, մենք մտածում էինք ձեռքբերման ժամանակ, Արմեն Ավթանդիլյանը հարց ուղղեց, թե ինչո՞ւ են նման շենքերն իրար մոտիկ, քանի որ սա հետսովետական ժամանակից հանդիսացել է Երևան քաղաքի նախագծի մաս, սա պետք է լռացվեր: 

Հարևանները մինչդեռ հակադարձում են՝ եթե 1980-ականներին երեք շենքն էլ միասին կառուցվեր, հիմքերի խնդիր չէր առաջանա: Ավելին՝ Նորաշեն 4-ի նախկին կառուցապատողը Նորաշեն 2-ի հետ կապված իրենց նաև այլ խոստումներ է տվել:

Զարինե Ալեքսանյան - Մեր կառուցապատողը մեզ վստահեցրեց, որ էս շենքը չի կառուցվելու, քանի որ նորմերին չի համապատասխանում: Դրա փոխարեն էստեղ խաղահրապարակ ա լինելու: 

Արաքս Մամուլյան (Նորաշեն 4-ի բնակիչ) - Սովետական Միությունն արդեն վաղուց փլուզվել է, և հիմա շինարարության այլ նորմեր են գործում, և այդ նորմերն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ 12-հարկանի շենքերը չեն կարող 1 մետր հեռավորության վրա կառուցվել: 

Կառուցապատողը վստահեցնում է, որ հարևան շենքի հիմքերը չեն վնասվելու: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի փորձագետները նշում են՝ Նորաշեն 2-ի շինհրապարակում ստուգումներ են սկսել, տասնօրյա ժամկետում կպատասխանեն՝ քաղաքաշինական նորմերի խախտումներ կա՞ն, թե՞ ոչ:

Կարապետ Նավասարդյան (ՔՏՀԱ տեսչական մարմնի փորձագետ) - Մենք վերցրել ենք իրենցից քաղաքաշինական փաստաթղթերի փաթեթը, որտեղ չափագրությունների հետ կապված նորից կրկնակի չափագրություններ ենք կատարում: Գործն ընթացքի մեջ է, և երբ վերջացնենք, համապատասխան եզրակացությունը կտեղեկացնենք: 

Մինչև տեսչական մարմինն ուսումնասիրում է խնդիրը, շինհրապարակում առաջին փլուզումն է եղել. դրա հետևանքով վնասվել է կոյուղատարը, որը «Վեոլիա ջրի» քարտեզում չկա, հետևաբար խողովակներն անցկացրել են չսահմանված հատվածով:

Գարիկ Համբարձումյան - Վերականգնվել է մեր կողմից առաջինը, որպեսզի ժողովրդին նեղություն չտանք, իրենց կոյուղատարը վնասվել է մեր քանդման արդյունքում, մենք պատասխանատվություն ենք կրում, վերականգնել ենք և շարունակում ենք մեր գործը՝ որևէ մեկին վնաս չտալով: 

Երևանի քաղաքապետարանը շինթույլտվությունը տվել է ապրիլի 13-ին, բայց ոչ թե 16, այլ 12-հարկանի 144 բնակարան կառուցելու համար: Պատասխանատու գերատեսչությունից նշում են՝ տարածքի բնակիչները քաջատեղյակ են եղել ու բնականաբար նկատել, որ տվյալ հատվածում հիմքը գցված է, և վաղ թե ուշ պետք է շենք կառուցվի:

Երևանի քաղաքապետարան - «Տվյալ շենքը դեռ խորհրդային տարիների ու մինչև այժմ էլ գործող Երևանի գլխավոր հատակագծում երևում է: Դա խոսում է այն մասին, որ ներկայում տրվել է ընդամենը շինարարությունը ավարտին հասցնելու թույլտվություն՝ քաղաքաշինական ընթացակարգերի ու սահմանված նորմերի պահպանմամբ»:

Թե ինչպե՛ս կլուծվի նորաշենցիների խնդիրը, հայտնի չէ: Շինարարությունն ակտիվ փուլում է, և քաղաքաշինական փաստաթղթերի համաձայն՝ կառուցապատողը պետք է շինարարությունն ավարտի մոտ 3 տարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում