Առաջին ալիքը հյուրընկալել էր երկրի բարձրագույն ղեկավարությանը

ԼԼիլիթ Ասատրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Հայաստանի հանրային հեռուստաընկերություն: Վարչապետի հուշամեդալով է պարգևատրվել Հայկական հեռուստատեսության առաջին հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Հանրային հեռուստաընկերության խորհրդի անդամ Նառա Շլեպչյանը:

Հուշամեդալով պարգևատրվել է նաև հեռուստաընկերության պրոդյուսեր Էլմիրա Արսենյանը: Վարչապետի շնորհակալագրեր են ստացել Հանրայինի երկարամյա աշխատակիցներ Ալվարդ Լազարյանը, Արսեն Նազարյանը, Անիչկա Հունանյանը և Սմբատ Սարգսյանը:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մեր կյանքի յուրաքանչյուր փուլում մենք մեզ հիշում ենք Հանրային հեռուստատեսության հեռուստադիտողի դերում: Եվ այսօր ես շատ ուրախ եմ, որ պիտի առիթ ունենանք մեր գնահատանքի տուրքը տալու Հանրային հեռուստատեսության այն աշխատակիցներին, ովքեր այս տարիների ընթացքում առավել կարևոր դերակատարում են ունեցել: Եվ պիտի հույս ունենամ, որ, ահա, Հանրային հեռուստատեսությունը պիտի շարունակի Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության ոլորտի, լրագրության ոլորտի, հանրային քննարկումների ոլորտի նշանավոր և նշանակալի դեմքերով հանդես գալ: Այդ դեմքերը նաև պիտի ձևավորվեն Հանրային հեռուստատեսությունում, և նրանք պետք է դառնան մեր հանրության հետ խոսելու, երկխոսելու կարևոր մունետիկներ:

Հանրապետության նախագահը հեռուստատեսության հնաբնակներին՝ Արտավազդ Եղոյանին, Կարեն Քոչարյանին և Հասմիկ Մարգարյանին, պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով:

Մովսես Խորենացի մեդալակիր Արտավազդ Եղոյանն ասում է՝ հեռուստատեսությունում հայտնվելու որևէ ակնկալիք չի ունեցել: Ուզել է դերասան դառնալ, մայրը մղել է դեպի բժշկություն, իսկ հայրը՝ ինժեներություն: Բայց ինքը հաղթել է: Եվ ինքնագործ թատերական խմբից սկսված, ֆիլմերի թարգմանությամբ շարունակված ճանապարհը նրան մի օր բերել է հեռուստատեսություն:

Արտավազդ Եղոյան (հեռուստամեկնաբան) - Գիտեք, ես միշտ աշխատելիս չեմ մտածել, որ ինչ-որ պարգևի պիտի արժանանամ, և ընդհանրապես, դա սխալ է, երբ որևէ մեկը ինչ-որ բան անում է պարգևի համար, բայց մի գաղտնիք պիտի բացեմ. երբ պարգև ես ստանում, մի տեսակ հոգիդ փառավորվում է: Ասում ես` վերջապես նկատեցին: Հեռուստատեսային գործունեության ամենամեծ մրցանակը իմ սիրելի հեռուստադիտողի ջանն ու ղուրբանն է: Ընդունում եմ՝ սա լավ է, սա հարգանքի նշան էր, բայց այն, ինչ տալիս է ինձ իմ հեռուստադիտողը, հազար հատ սրանից էլ լինի, տեղը չի բերի:

Ալվարդ Լազարյանը հեռուստատեսությունում է արդեն 32 տարի: Կադրից ու եթերից դուրս` տիկին Ալվարդը մեկիկ-մեկիկ հավաքել է այսօր արդեն պատմություն դարձած հարուստ արխիվն ու ոսկե ֆոնդը:

Ալվարդ Լազարյան (Հանրային հեռուստաընկերության թվային արխիվի ավագ արխիվավար) - Գրիչով գրելուց սկսած մինչև այսօրվա համակարգչային՝ այս թվայնացման աշխատանքները իմ ձեռքի տակով անցել են: Մի նյութը քանի անգամ նայել, դրել ու վերցրել եմ, տվել ենք օգտագործելու: Ամբողջ արխիվը իմ ուղեղի մեջ է:

Պարգևատրման արարողությունից հետո Շոտլանդիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումն էր: Տարիների ընդմիջումից հետո Առաջին ալիքը վերադարձրել է Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղերը հեռարձակելու իրավունքը: Բաց երկնքի տակ` Հանրայինի բակում, մինչև խաղի մեկնարկը նախախաղային քննարկում էր, որին հյուրերն ու հանրայինի թիմը հետևել են տեղում, իսկ հեռուստադիտողը` ուղիղ եթերում: Ապա արդեն ֆուտբոլային հանդիպումն էր, որին ներկաները հետևեցին մեծ էկրանով՝ ուղիղ հեռարձակմամբ:

Հեղինակ` Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում