Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծեր, այդ թվում՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու 2022 թ. հունվարի 18-ին ընդունված «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որի համաձայն՝ 300 հազար դրամից ավելի գործարքների դիմաց վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով:
Փոփոխություններ են արվում նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ու «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում:
Վճռաբեկ դատարանի դատավորների համար կսահմանվի պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում, իսկ ՍԴ դատավորների դեպքում՝ դրույքաչափի 80 տոկոսի չափով կվերանայվի՝ հավելավճարի տեսքով:
Կառավարությունն առաջարկել է սահմանել սոցիալական պաշտպանության հաստատության եւս մեկ տեսակ` համայնքային փոքր տներ:
Այդ և այլ փոփոխությունները կատարվում են «Սոցիալական աջակցության մասին» օրենքում:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ: Սահմանվել են հաշմանդամություն ունեցող անձանց պետական հավաստագրերի միջոցով ծառայություններ մատուցելու մասին, ինչպես նաև անկախ կյանքի կենտրոնների ստեղծման համար լիազորող նորմեր:
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կից փաթեթով։
Ազգային ժողովն ընդունեց նաև «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:










