Մեկնարկել են ընդունելության միասնական քննությունները

ՔՔրիստինե Ոսկանյան

Օրը քննական էր: Դիմորդները «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» էին հանձնում: Գիտելիքների ստուգատեսի համար հանրապետությունում 15 քննական կենտրոն է ձևավորվել, որից 4-ը՝ Երևանում: Առավոտ 8:30-ից դիմորդները կազմ ու պատրաստ քննական կենտրոններում էին:

Սուսաննա Բուդաղյան (դիմորդ) - Մի քիչ հուզմունք կա, բայց պատրաստ եմ, վստահ եմ իմ ուժերին:

Սուսաննան ակնաբույժի մասնագիտությունն է ընտրել: Առաջիկայում նաև «Քիմիա» կհանձնի:

Սուսաննա Բուդաղյան - Տեսողական խնդիրներ շատ ունեն մարդիկ, շատ տարածված է այդ խնդիրը, կցանկանայի օգնել այդ մարդկանց, որ լավ տեսողություն ունենան, որ գունավոր տեսնեն:

Մինչև քննությունը կմերկնարկեր, դիմորդներին հաջողություն մաղթելու համար համար 190 դպրոց էր այցելել կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանը: Շրջեց բոլոր քննասենյակներով, հետաքրքրվեց՝ ինչ խնդիրներ կան:

Համար 190 դպրոցի երեք քննասենյակում 120 դիմորդ գիտելիքները ստուգում էր «Կենսաբանություն» առարկայից: Մեծ մասը բժշկականի դիմորդներ են: Կիմն էլ ընտանեկան ավանդույթը չի խախտել:

Կիմ Զաքարյան (դիմորդ) - Մանկուց սիրել եմ բժշկությունը, ընտանիքում էլ բոլորը բժիշկներ են:

Վերջին տարիներին դիմորդների նախընտրած մասնագիտությունները ցանկը մի փոքր փոխվել է՝ ասաց փոխնախարարը: Իրավագիտության, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի շարքին ավելացել են նաև բնական գիտությունները: Ինչ վերաբերում է քննական գործընթացին, համակարգը կատարելագործելու վերաբերյալ կրթական գերատեսչությունը բազմաթիվ առաջարկներ է ստացել, փոփոխություններ նախաձեռնել: Դրանք կգործեն հաջորդ տարվանից:

Կարեն Թռչունյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - 2023 թ. արդեն երկու անգամ կարող են միասնական քննություն հանձնել դիմորդները, որ մեկանգամյա սթրեսային աննորմալ վիճակում չհայտնվեն:

Մինչև նոր կարգը կգործի, այս տարի «Կենսաբանություն» հանձնելու համար հայտագրվել էր 1635 դիմորդ, 127-ն էլ՝ «Աշխարհագրության» համար: Կային նաև բացականեր: Եթե նախկինում դիմորդները կարող էին բժշկից տեղեկանք բերել ու երկրորդ փուլին մասնակցել, այս տարի կարգը փոխվել է:

Վարդան Պարսամյան (քննական կենտրոնի ղեկավար) - Նոր կարգի մեջ երկրորդ փուլին ով իրավունք ունի մասնակցել՝ հիվանդության պատճառով չներկայացածները, նրանք  կարող են դիմում գրել բողոքարկող հանձնաժողովին:

Թեստերի ճիշտ պատասխանները կհրապարակվեն քննության ավարտից 4 ժամ հետո՝ ԳԹԿ-ի առցանց հարթակում:

Հեղինակ՝ Քրիստինե Ոսկանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում