Հայաստանում անվարձահատույց կամավոր դոնորների պակաս կա

ՆՆարե Ոսկանյան

Մոտ 400-450 մլ արյուն հանձնելը կարող է մեկ հիվանդի կյանք փրկել: Մեր երկրում արյան բանկը մշտապես թարմացվում է, պաշարները բավարարում են, բայց շարունակում է խնդիր մնալ կամավոր դոնորների թիվը:

Սամվել Դանիելյան (ՀՀ ԱՆ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն) - 365 օր տարվա ընթացքում միշտ արյան կարիք կա ու արյան կարիք կա ամբողջ աշխարհում, ու Հայաստանում արյան պահանջարկը գնալով մեծանում է, և դոնորների քանակը կարծես գնալով նվազում է:

Մարգարիտա Հակոբյան (ՀՀ ԱՆ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրեն) - Մոտ 60-70 տոկոս՝ դա վճարովի մեր կադրային դոնորներն են, մոտ 20-30 տոկոս կազմում են հիվանդի հարազատները, բարեկամները, և շատ քիչ է տոկոսը կամավոր, անվարձահատույց, և դա մեծ խնդիր է:

Լուսինեն կամավոր դոնորներից է, ասում է՝ ինքնակամ արյունը նվիրաբերելն իր համար պատասխանատվություն է, գիտակցում է դիմացինին աջակցելու կարևորությունը:

Լուսինե Ղարսայան - Պարտադիր չի, որ դոնորի օրվան սպասենք, պատերազմի ժամանակ մի քանի անգամ եմ հանձնել արյուն, ունեմ բացառիկ արյուն՝ երկրորդ բացասական: Ինքը շատ կարևոր է համարվում, ու երբ լսեցի, որ պետք ա իմ արյունը, առանց որևէ վայրկյան մտածելու գնացել եմ ու հանձնել եմ:

Արյան բանկը թարմացնելն ամենօրյա ջանք է պահանջում:

Մարգարիտա Հակոբյան - Բավականին կարճ կյանք ունի արյունը, ընդամենը 35 օր են պահպանվում էրիթրոցիտար զանգվածը, 1 կամ 3 տարի՝ նայած պահպանման ձևից՝ թարմ սառեցված պլազման, և 5 օր ընդամենը՝ տրոմբոցիտար զանգվածը:

Սպառումը մեծ է, ու դրանք անընդհատ փոխարինվում են նորով՝ ասում է Մարգարիտա Հակոբյանն ու ցույց տալիս արյան բանկի առաքման բաժինը:

Այստեղ պահվում են ստուգված արյունները, պլազմաները և ապահովումը: Պաշարները պետք է լինեն բավականին, որ մենք կարողանանք ապահովել և՛ մեր հիվանդներին, որոնք օրական ստանում են, և՛ այն հիվանդանոցներին, որտեղ չկա արյան ծառայություն:

Առաջիկայում մեր երկրում կգործի նաև արյան միասնական ռեեստր:

Սամվել Դանիելյան - Սա թույլ է տալիս, որպեսզի թափանցիկ դարձնի բոլոր արյան պաշարները, որ կան բոլոր արյան հետ առնչություն ունեցող կլինիկաներում, որ հիվանդը հիվանդանոցից հիվանդանոց չգնա և կարողանա իմանալ՝ ո՛ր խմբի արյուն, ո՛ր ռեզուսի արյուն, ո՛ր հիվանդանոցում, ո՛ր օրվա պատրաստված, ի՛նչ թարմության և այլն, և այլն: Սա նույնպես, կարծում եմ՝ շատ կարևոր է:

Հունիսի 14-ը Արյան դոնորների միջազգային օրն է, միջոցառումներ կանցկացվեն նաև մարզերում գործող արյան փոխներարկման կայաններում: Դոնոր դառնալուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ պահանջներին և հակացուցումներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում