ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկման է ներկայացվել նախադպրոցական հաստատության տնօրենի և աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգը

Քննարկման է ներկայացվել նախադպրոցական հաստատության տնօրենի և աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգի նախագիծը:

Նախադպրոցական կրթության բովանդակային վերանայման համատեքստում իրավական ակտի ընդունումը հիմք կհանդիսանա առկա ներուժի զարգացման համար և հնարավորություն կստեղծի մանկավարժներին հաղորդակից դարձնելու ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաներին: Բացի դրանից, նախադպրոցական ուսումնական հաստատություններում կբարձրանա մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշը, որը շարունակական ազդեցություն կունենա տարրական դասարաններում սովորողների կրթական արդյունքի վրա:

Համաձայն նախագծի՝ վերապատրաստման դասընթացն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության սահմանած ժամկետում՝ առկա կամ հեռավար եղանակով: Համայնքային և պետական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստումներն իրականացվում են պետական միջոցների հաշվին: Ոչ պետական ուսումնական հաստատության տնօրենները և մանկավարժական աշխատողները կարող են մասնակցել վերապատրաստմանը՝ հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին:

Ուսումնական հաստատության տնօրենների վերապատրաստման իրականացումը

Տնօրենի վերապատրաստումը պարտադիր է և անցկացվում է ԿԳՄՍ նախարարի հաստատած ժամանակացույցով նախատեսված ժամկետին համապատասխան: Նախարարի հրամանով հաստատվում և նախարարության պաշտոնական կայքում հրապարակվում են տվյալ ուստարում վերապատրաստումների ժամանակացույցը և վերապատրաստող կազմակերպությունների ցանկը:

Տնօրենների վերապատրաստման մոդուլները մշակում է վերապատրաստող կազմակերպությունը՝ վերապատրաստման դասընթացի չափորոշչի և ծրագրի հիման վրա, ու ներկայացնում է նախարարություն՝ հաստատման: Վերապատրաստման դասընթացի վկայական ստանում է ընդհանուր ժամաքանակի առնվազն 80%-ին մասնակցած և չափորոշչին ու ծրագրին համապատասխան ամփոփիչ աշխատանք հանձնած տնօրենը:


Մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության և դասընթացի երաշխավորում

Մանկավարժական աշխատողին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և վերապատրաստման ամբողջ ծրագրի կամ նրա առանձին բաժինների հիման վրա կազմված դասընթացների ընտրությունն իրականացնում և դրանց գործունեությունը 3 տարի ժամկետով երաշխավորում է նախարարությունը՝ գնահատման արդյունքների հիման վրա: Կազմակերպությունը կարող է երաշխավորվել վերապատրաստման ամբողջական ծրագրի կամ դրա որևէ բաժնի մասով։

Ցանկում կարող են ընդգրկվել իրավաբանական անձի կարգավիճակ և պետական գրանցում ունեցող ՀՀ պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունները` նախադպրոցական ուսումնական հաստատություններ, հանրակրթական դպրոցներ, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտական կազմակերպություններ, ինչպես նաև կրթության ոլորտում իրենց կանոնադրությամբ ամրագրված վերապատրաստումների իրավունք և փորձ ունեցող հիմնադրամներ, ընկերություններ, հասարակական, միջազգային, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ:

Ցանկի ձևավորման կամ համալրման նպատակով նախարարությունը տարեկան առնվազն մեկ անգամ հայտարարում է մրցույթ: Կազմակերպությունն իր գործունեությունը պետք է իրականացնի նախարարի սահմանած` նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին վերապատրաստման չափորոշչին, ծրագրին և կազմակերպության կողմից մշակված վերապատրաստման թեմատիկ պլանին համապատասխան:

Վերապատրաստման իրականացումը

Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի վերապատրաստումը պարտադիր է և անցկացվում է տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցով նախատեսված ժամկետին համապատասխան՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ: Համատեղությամբ աշխատող մանկավարժական աշխատողը վերապատրաստման ներկայացվում է հիմնական աշխատավայրից:

Ուսումնական հաստատությունը հրապարակված ցանկից ընտրում է վերապատրաստող կազմակերպություն` պայմանագիր կնքելու համար: Վերապատրաստման դասընթացի առնվազն երկու երրորդին մասնակցած և առնվազն 9 միավոր հավաքած մանկավարժական աշխատողին դասընթացի ավարտից հետո տրվում է վկայական՝ 5 տարի ժամկետով:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հունիսի 18-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում