Շահագործման է հանձնվել Երևանի հինգերորդ կամուրջը

ԱԱրևիկ Աբելյան

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցումից հետո կկարողանան խնայել 10 անգամ քիչ ժամանակ: 25 րոպեի փոխարեն գնալու ենք 3 րոպեում:

Աշխատանքների մեկնարկից 3 տարի անց զրոյից կառուցված կամուրջը պատրաստ է ընդունելու ու ճանապարհելու մեքենաներ:

Առաջինը ջրցան մեքենան, ապա կամրջի կառուցմանը մասնակցած տեխնիկան է անցնում ճանապարհով: Ապա վարչապետի շարասյունը:

Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետ) - Մեր նորանկախ պատմության մեջ երևի առաջին կամուրջն է, որ զրոյից է կառուցվել:

Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Նշանակությունը երկակի կարող ենք բացատրել՝ երթևեկության մեծ բեռ կվերցնի իր վրա, և երկրորդը՝ կազմում է մի մեծ ճանապարհի մի փոքր մաս, հարավից հյուսիս գնալիս այլևս Երևանի խցանումները չխանգարեն:

Այս կամրջի նախագիծը մշակվել է 2012 թ., բայց շինարարությունը մեկնարկեց միայն 2019 թ., երբ ավելի քան 26 մլն դոլարի պայմանագիր կնքվեց Երևանի քաղաքապետարանի և իսպանական ընկերության միջև:

Հրաչյա Սարգսյան - Ամբողջ գումարը պետության կողմից է հատկացվել վարկային միջոցներով:

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը մաս է կազմում Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի, կապում է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները:

Հրաչյա Սարգսյան - Ճիշտ է, այս պահին Շիրակի փողոցում խնդիր կա, ճանապարհ կա՝ մի քիչ նեղ է, բայց համապատասխան ծրագրեր ենք նախապատրաստում, որ այդ խնդիրը լուծենք:

Քաղաքապետն ավելացնում է՝ մի քանի ամիս անց, երբ ավարտած կլինեն նաև Աշտարակ-Բաբաջանյան ճանապարհահատվածը, արդեն այս կամրջով Աշտարակից Արտաշատ գնալու համար Երևանը կշրջանցեն:

Նախագծողը ժպտում է՝ այն, ինչ տեսնում է, իր պատկերացրածն է:

Ֆաբրիցիո Կոլիչինյո (կամրջի նախագծող) - Տեխնոլոգիան նոր չի, բայց նման տեխնոլոգիայով կառուցված առաջին կամուրջն է Հայաստանում, առանձնահատկությունն այն է, որ երկաթբետոնե կոնստրուկցիաներով է կառուցված, մեկ թռիչքային է՝ թռիչքը 300 մ:

Շիխին Չեն (Ասիական զարգացման բանկի փոխնախագահ) - Ես ուրախ եմ այսօր այստեղ գտնվել՝ այս արևոտ օրը, հրաշալի աշխատանք է արված:

Սա արդեն Ասիական զարգացման բանկի փոխնախագահի արձագանքն է: Նշում է՝ Հայաստանի հետ գործակցությունը 17 տարուց ավելի է ու շարունակվելու է: Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավարը վարչապետին մի քանի ծրագիր է ներկայացնում, որոնց իրականացումը պետության աջակցությամբ օրակարգային է:

Նորա Մարտիրոսյան (Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար) - Իսակով-Արշակունյացը, ավտոբուսային հավաքակայանը, հա՛, հենց նոր քաղաքապետի հետ դա էինք խոսում:

Երևանի քաղաքապետը նշում է՝ մինչև տարեվերջ նախատեսում են Արշակունյաց-Իսակովի կամուրջ կառուցելու համար մրցույթ հայտարարել, իսկ դա կնշանակի՝ Երևանը կունենա վեց կամուրջ և կբեռնաթափվի:

Գնել Սանոսյանը նշում է՝ այս կամուրջը վերջին տարիներին իրականացված բացառիկ նախագիծն է, որը շինարարության մեկնարկից մինչև ավարտ բարդություններ գրեթե չի ունեցել:

Գնել Սանոսյան - Եղածն էլ արագ կարգավորվեց՝ ֆինանսական, շինարարական, տեխնիկական:

Հրազդան գետի վրա 252 մ երկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջը երթևեկելի 6 գոտի ունի:

Ճանապարհի ամբողջ երկարությունը 2.7 կմ է, միջին լայնությունը` 26 մ: Շիրակի փողոցի հետ հատման վայրում կառուցվել է նաև օղակաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց։ Ճանապարհի բոլոր հաղորդուղիները տեղափոխվել են, մայթերի տակ անցկացվել են կապի ստորգետնյա խողովակներ, տեղադրվել են LED տիպի էներգախնայող լուսատուներ:

Ի դեպ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների իրականացման շրջանակում 265 մլն դրամի փոխհատուցում է տրամադրվել 26 տնային տնտեսության:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում