2021-ին ոստիկանությունը ծախսել է ավելի քան 65, ԱԻՆ-ը՝ 14 միլիարդ դրամ

ԼԼիլիթ Ասատրյան

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ժամանակ հայտարարվեց՝ ՀՀ ոստիկանությունը նախորդ տարվա ծրագրերի իրականացման համար ծախսել է ավելի քան 65, ԱԻՆ-ը՝ 14 միլիարդ դրամ:

Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ պարեկային ծառայությունն արդեն հասնում է Կոտայք, Գեղարքունիք, Տավուշ և Արագածոտն:

Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը նշում է՝ 4 մարզում ծառայության անցնելու համար դիմել է ընդհանուր 1498 անձ, հունիսի 6-ից մեկնարկելու է մրցութային փուլը: Նշում է՝ 2021-ին Ոստիկանության ծառայողների միջին ամսական աշխատավարձը, ներառյալ` պարգևատրումները, կազմել է 283.000 դրամ:

Ամփոփելով 2021-ը՝ Մովսիսյանը նշում է՝ հանցագործությունները ավելացել են 14,3 տոկոսով:

Կաշառքի ստացում, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացում, պաշտոնական կեղծիք, լիազորությունների չարաշահում. 2021-ին հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 950 դեպք: Բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 45 մլրդ 570 մլն դրամի և 6 մլն 825 հազար դոլարի վնաս: Աճել է նաև  թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը 11.7 տոկոսով:

Ի դեպ, 2022-ը Ոստիկանությունում հայտարարվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի:

2021 թվականին հատկացված բյուջեով ԱԻՆ-ում վեց ծրագիր է իրականացվել՝ տեխնիկական անվտանգության կանոնակարգում, արագ արձագանքման, սեյսմիկ պաշտպանության բնագավառում ծրագրեր, նաև ռազմավարական նշանակության պաշարների կառավարման, ծրագրերի մշակման մոնիթորինգ:

Նախարարը ներկայացնում է նաև այս տարվա պլանները. հրշեջ-փրկարարական 15 ջոկատի համար նախատեսվում է ներդնել 49 միավոր հրշեջ-փրկարարական ավտոմեքենա, ընդհանուր առմամբ 3.7 միլիարդ դրամ արժեքով: Ծրագիրը դեռ քննարկման փուլում է:

Արմեն Փամբուխչյան (Արտակարգ իրավիճակների նախարար) - Քանի որ շատ թանկ է այդ տեխնիկան, մենք փորձում ենք յուրաքանչյուր տարի ինչ-որ չափով համալրում իրականացնել:

Հրշեջ-փրկարարական հենակետեր ստեղծելու նպատակով Սյունիքի, Կոտայքի և Լոռու մարզերում ստեղծվել են կամավորական ջոկատներ:

Արմեն Փամբուխչյան - Նպատակ ունենք ստեղծելու կամավորական ջոկատներ, որոնք խնդրահարույց վայրերում, անտառային վայրերում, մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, անհրաժեշտության դեպքում կկարողանան կազմակերպել բնակչության պաշտպանությունը և աղետի կանխարգելումը:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի դիտարկմամբ՝ 2 կառույցների փաստացի ֆինանսավորումը նախորդ տարի, 2020-ի համեմատ, աճել է 2, 6 տոկոսով:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում