Ծնեբեկի աճեցման բարդ գործով զբաղվող ֆերմերն ընդլայնում է ցանքատարածությունները

ՀՀայկուշ Ասլանյան

Ամիսներ առաջ այս տարածքն ամայի էր: Մրգաշատցի ֆերմեր Կարեն Գաբրիելյանն այն ձեռք բերեց, ծնեբեկի սերմ ցանեց, սածիլներ ստացավ: Դրանք դաշտ կտեղափոխի մեկ տարի մշակելուց հետո: Եվս 2-3 տարի էլ դաշտում կմշակի, որպեսզի կոճղարմատները հզորանան, և բույսը հասունանա: Ֆերմերն իր ընտանիքով արդեն 7 տարի է՝ ծնեբեկ է աճեցնում: Սածիլի ստացումից մինչև բերքահավաք՝ անում են ձեռքով, շատ զգույշ, որ բերքի որակը չտուժի:

Գայանե Մարտիրոսյան - Մի քիչ բարձրից ենք քաղում, որ արմատը չփչանա, չվնասվի, կողքի ծիլերը վնասվեն:
Ֆերմերի ընտանիքը ծնեբեկի՝ Արաքսի ափին աճող վայրի տեսակն ունեցել է շատ վաղուց: Դրա սերմերը խոյեցի տատն է բերել Արևմտյան Հայաստանից: Իսկ ավելի ուշ դրա մշակովի տարբերակը Կարենը տեսել է Եվրոպայում: Սերմը գնել, բերել է Հայաստան ու ցանել Արարատյան դաշտում:

Առաջին բերքը ստանալու համար 4-5 տարի է պահանջվել: Աշխատատար և լուրջ ներդրում պահանջող մշակաբույսով շատերն են հետաքրքրվել, բայց քչերն են համարձակություն ունեցել ոչ ավանդական մշակաբույսի աճեցման համար գումարներ ծախսել:

Կարեն Գաբրիելյան (ֆերմեր) - Շատերը ցանկանում են զբաղվել այս գործով, բանց հենց բացատրում ես այդ պահը, հրաժարվում են: Ասում են՝էդքան աշխատնեք, որ հետո՞ եկամուտ տեսնենք: Իրենց թվում է՝ կանաչիի նման պետք է ցանես ու աշնանը քաղես:

Դժվարը սկիզբն էր, երբ տարիներով սպասում էր արդյունքին: Ասում է՝ վաճառքի բարձր գինը մշակության դժվարության և ներդրված ծախսի հաշվին է: Առողջ և էկոլոգիապես մաքուր բերք ստանալու համար էլ հողը սնուցում է գոմաղբից ստացված կոմպոստով:
 

Բերքահավաքը սկսել է ապրիլից, մի քանի օրից կավարտվի: Առողջարար բույսի ցողունները բարձրանում են մեկ գիշերվա ընթացքում: Ֆերմերի ընտանիքը դրանք հավաքում է ամեն օր:

Կարեն Գաբրիելյան - Եթե մի օր չհավաքենք, ստանդարտը կանցնի, և պիտանի չի լինի վաճառքի:

Անգամ քովիդի շրջանում ֆերմերի ընտանիքը չի դադարեցրել ծնեբեկի արտադրությունը: Իսկ վաճառքն իրականացրել են առցանց հարթակում: Մրգաշատցի ընտանիքը կանգ չի առնում. նոր հողակտորներ է ձեռք բերում, ընդլայնում ցանքատարածությունները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում