«Սևան» ազգային պարկում սպասում են 5 նոր լողափերի ներդրողներին. դիմելու վերջնաժամկետը հունիսի 9-ն է

ՎՎահե Կոստանդյան

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում սպասում են հանրային 5 նոր լողափերի ներդրողներին: Այս վայրերում բիզնես անողների համար մրցույթը հայտարարված է հինգ լոտով:

Ոսկեհատ Գրիգորյան (ՀՀ ՇՄՆ բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ) - Հայտարարությունը հրապարակվել է մայիսի 5-ին, և հայտերի ընդունման ժամկետն ավարտվում է հունիսի 9-ին, հայտերը ընդունվում են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական շենքում: Հայտերը ներկայացվում են փակ ծրարների միջոցով:

Նոր լողափեր կբացվեն Շողակաթում, Լճաշենում, Ծովազարդում, Նորատուսում և Ծովագյուղում: Լողափերի բարեկարգման, կահավորման և սպասարկման իրավունքի ժամկետ է սահմանված 7 տարի, որից 2 տարին հաղթողն ազատվում է վարձավճարի պարտավորությունից: Փոխարենը տնտեսվարողից պահանջվում է ապահովել հանգստի պատշաճ պայմաններ: Պայմանները շատ խիստ չեն՝ ասում է բնության հատուկ պահպանվող տարածքների պատասխանատուն:

Ոսկեհատ Գրիգորյան - Հաշվի առնելով տարիների կտրվածքով հանրային լողափերում բացասական երևույթները, մասնավորապես, տարբեր տեղերից հնչող բարձր երաժշտությունը, ծխելու, խմիչքի գերշահագործման հետևանքով վիճաբանությունները և այլն, այս մասով էլ կարգավորումներ են սահմանված:

Ծխելն արգելվում է անմիջապես լողափնյա գոտում, դրա համար կլինեն հատուկ առանձնացված տարածքներ: Կթույլատրվի միայն թույլ ալկոհոլային խմիչքների օգտագործումը: Ամենուրեք խորովածի ծխի մասին խոսք լինել չի կարող: Սննդի ձեռքբերումը կլինի մեկ կետից:

Ոսկեհատ Գրիգորյան - Մարդը հնարավորություն է ունենալու պատվիրելու իր սնունդը կամ իր հետ բերված մսամթերքը պատվիրելու հատուկ տեղ, որտեղ ծխատարներ են լինելու, և հրդեհի անվտանգության պայմանները բավարարված կլինեն:

Լողափնյա հատվածները կլինեն պասիվ, ակտիվ հանգստի սիրահարների համար կգործեն բուֆերային գոտիներ: Ավտոմեքենաների կայանատեղիները, հովանոցային հատվածները, հանդերձարանները, ցնցուղարանները, սանհանգույցը կլինեն անվճար: Կգործեն բուժկետ, փրկարարական կետ, թեժ գծի հեռախոսահամար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում