Մետրոյի նոր կայարանի նախագծման համար Երևանը 554 միլիոն դրամ հատկացրեց

ՀՀովհաննես Վարդանյան

554 ՄԼՆ ԴՐԱՄ՝ «ԱՋԱՓՆՅԱԿ» ԿԱՅԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

Երևանի քաղաքապետարանը պահուստային ֆոնդից 554 միլիոն դրամ տրամադրեց ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությանը՝ մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծային աշխատանքների առաջին փուլի համար: Երևանի ավագանու նիստի մի մասը վարում էր փոխքաղաքապետը: Քաղաքապետը կառավարությունում էր, միացավ ավելի ուշ: Լևոն Հովհաննիսյանը նշեց՝ նախագծի մշակումից հետո միայն պարզ կդառնա, թե ինչ կարժենա և որքան կտևի մետրոյի նոր կայարանի շինարարությունը:

Փոխքաղաքապետներից մյուսն էլ՝ Ստեփան Մաչյանը, պատասխանելով զգալի միջոցներ տրամադրելու մասին ավագանու անդամների հարցին, նշեց՝ այդ գումարը նման մեծ պրոյեկտի համար շատ չէ:

Ստեփան Մաչյան (Երևանի քաղաքապետի տեղակալ- «Աջափնյակ» կայարանի նախագծանախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 840 միլիոն դրամ` մոտավորապես 3.7 միլիոն դոլար: Նախատեսվում է կառուցել ինժեներական կառույց, որը նախագծվելու է 1 տարուց ավելի: Սա շինարարական աշխատանքների և ինժեներական աշխատանքների ամենապատասխանատու և ամենածանր հատվածն է:

Երևանի ավագանին 414 միլիոն դրամ հատկացրեց «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ին՝ կանոնադրական կապիտալի բաժնետոմսեր ձեռք բերելու նպատակով: Ավագանու անդամները, տրանսպորտային բարեփոխումներից բացի, նաև արձանագրված խախտումների մասին խոսեցին, հորդորեցին ուշադրություն դարձնել դրանց:

Լևոն Զաքարյան (Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ- Վարորդները ծխում են, վարորդները հեռախոսով խոսում են, վարորդները գումար են շորթում քաղաքից: Դա հանցագործություն է, երբ վարորդը գումարը դնում է իր գրպանը: Հազարավոր մարդիկ տեսնում են, մենք տեսնում ենք, բայց չկա ապացույց: Էլ ո՞նց ապացուցենք, երևի բերենք էստեղ, էդ կադրերը էկրանի վրա ցույց տանք:

Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ: Երևանի քաղաքապետն այսօր անդրադարձավ հենապատի փլուզմանը: Հրաչյա Սարգսյանը նշեց, որ իրենց մասնագետները ճանապարհի ճաքերը դեռ մեկ ամիս առաջ են նկատել, ու եզրակացություն ունեին, որ փլուզման վտանգ չկա:

Քաղաքապետը նշեց՝ ճանապարհի որոշ հատվածներ այս պահին ամբողջությամբ փոխվում են: Սարգսյանի խոսքով՝ սա միջանկյալ լուծում է, որի ավարտից հետո ճանապարհի ամբողջ երկայնքով արգելապատնեշ պետք է կառուցվի:

Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետ- Այս պահի դրությամբ գնահատել, որ, այո՛, եթե մենք նախօրոք իմանայինք, որ այդպես է, միգուցե հնարավոր լիներ շուտ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել:

ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ՓՈՒԼԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ

Ավագանու նիստում քննարկվեց Երևանի որոշ պոլիկլինիկաներ վերամիավորելու ծրագիրը: Առաջին փուլով նախատեսվում է փոքր՝ 10-25 հազար բնակչություն սպասարկող կենտրոնների միացում: Այդ պոլիկլինիկաներում երեխաներին սպասարկող նեղ մասնագիտական կաբինետի բժշկի ամսական աշխատավարձը 78000 դրամ է, բուժքույրինը՝ 40000 դրամ:

Գևորգ Սիմոնյան (Երևանի քաղաքապետի տեղակալ- Երևանի ենթակայության թիվ 1, 4, 5, Նորագավիթի, Նուբարաշենի, Սարի թաղի և Արաբկիրի մանկական պոլիկլինիկաները հանդիսանում են փոքր պոլիկլինիկաներ, որտեղ նեղ մասնագիտական կաբինետի բժիշկների և բուժանձնակազմի դրույքները ստացվում են 0.25 դրույքից մինչև առավելագույնը 0.75 դրույք, որին համապատասխանող աշխատաժամանակից ստացվում է միջինը օրական 3 ժամ, ըստ մասնագիտությունների՝ 2-4 ժամ, ինչի արդյունքում հաճախ քաղաքացիներին սպասարկող տեղամասային թերապևտի և նեղ մասնագետի աշխատաժամերը չեն համընկնում, քաղաքացին ստիպված է լինում մեկից ավելի այցեր կատարել բավարար բուժօգնություն ստանալու համար:

Երևանի ավագանու որոշմամբ` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ճառագայթային փողոցից մինչև Շահումյան 7 ձգվող փողոցն անվանակոչվեց արձակագիր Արտաշես Քալանթարյանի անվան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում